Բաժիններ՝

«Ոստրեն և Մարգարիտը»․ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում պրեմիերա է

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 22-ին պրեմիերա է. hանդիսատեսի դատին է հանձնվելու Վիլյամ Սարոյանի «Ոստրեն և Մարգարիտը» ներկայացումը։ Այն նվիրված է հեղինակի 115-ամյակին։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը նշեց, որ ներկայացումը թատրոնի կողմից լավ նվեր կարող է լինել Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։

«Սա այս տարվա արդեն 6-րդ ու սպասված պրեմիերան է։ Սարոյանը` որպես բազմաշերտ հեղինակ, տարրալուծվել է գրեթե իր բոլոր ստեղծագործություններում։ Կարծում եմ, որ մեր բեմադրիչի մեկնաբանությամբ այս ստեղծագործությունը կլրացնի Սարոյանի ստեղծագործական կյանքի հետաքրքիր շերտերի մասին այն պատկերացումը, որն ունի մեր հանդիսատեսը։ Այս ստեղծագործությունը լավատեսության ու բարության մասին է, ինչի կարիքն այսօր շատ ունենք»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Ներկայացման ռեժիսոր, բեմադրիչ Արեն Օսիպյանը նշեց, որ Վիլյամ Սարոյանին անդրադառնալը մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ամեն դեպքում թատրոնի ստեղծագործական թիմը մեծ ոգևորությամբ է ստանձնել այս աշխատանքը՝ յուրահատուկ շեշտադրումներով բեմադրությունը ներկայացնելու հանդիսատեսին։

«Աշխատանքները բուռն են ընթանում, բավական շատ դերասաններ են զբաղված ներկայացման մեջ։ Ասեմ, որ այս ներկայացման համար գրվել է հատուկ երաժշտություն, որի հեղինակը Գոռ Թադևոսյանն է։ Ներկայացման դերասանական կազմում նաև երեխաներ են։ «Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանման խորհուրդը»,-ասաց Արեն Օսիպյանը։

Ներկայացումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ «Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է «Թատերական Երևան» խորագրով դրամաշնորհային մրցույթը։ Ներկայացվել էր 23 հայտ, ընտրվել էր 9-ը։ Ընտրված թատերական նախագծերից էր Վանաձորի դրամատիկական թատրոնի «Ոստրեն և Մարգարիտը» ներկայացումը։ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանը նշեց, որ սա կարևոր նախաձեռնություն է թատերական կյանքը մարզերում, Երևանում ակտիվացնելու համար։

«Երևանի քաղաքապետարանը, բացի այն, որ փորձեց աշխուժացնել ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի այլ մարզերի թատերական կյանքը, այլև նպատակ ունի համախմբել արվեստի և մշակույթի այլ ճյուղերի ներկայացուցիչների։ Ըստ մրցույթի պայմանների՝ պետք է բեմադրիչները, թարգմանիչները, ձևավորողները, այլ մասնագետներ համախմբվեին և մեկ հայտ ներկայացնեին։ Արդյունքում՝ դրամաշնորհներ ստացան ինչպես առանձին թատերական նախաձեռնություններ, այնպես էլ թատրոններ»,-ասաց Գևորգ Սահակյանը։

Դրամաշնորհ ստացած մարզային թատրոնները հյուրախաղերով պետք է իրենց բեմադրությունը ներկայացնեն նաև Երևանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս