Բաքուն «անընդունելի» է համարում վաշինգտոնյան հարթակը Երևանի հետ բանակցություններում

Վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ Բաքվի համար Երևանի հետ բանակցություններում, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ մտադիր չեն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ բանակցել Հայաստանի հետ։

Ընդգծելով բրյուսելյան ձևաչափը՝ պաշտոնական Բաքուն շեշտել է՝ ընդունելի է այս ձևաչափով բանակցությունների շարունակությունը։

«Բացի այդ, Ադրբեջանը նախընտրում է ուղղակի բանակցություններ Հայաստանի հետ», – ասված է հայտարարությունում։

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում։

Բաքուն սակայն հայտարարեց, որ հրաժարվում է Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից՝ ընդգծելով, թե «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը»։ Բաքվի դժգոհությունն էր հարուցել, մասնավորապես, օրեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչած մեղադրանքները։ Բաքուն դժգոհել էր նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններից։

Տեսանյութեր

Լրահոս