Անվտանգությունը բազմաշերտ հայեցակարգ է և հիմնվում է քաղաքական, ռազմական, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանության վրա. ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյան

Միջազգային հանրության կողմից ժողովրդավարացմանը շարունակական աջակցությունը կապահովի Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի, վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը կտրուկ փոփոխություններ է ապրել, որոնք ձևավորել են տարածաշրջանի նոր ըմբռնումը միջազգային ասպարեզում նրա դերի մասին։

«Ժողովրդավարացման գործընթացները մշտապես ամրապնդում են Հայաստանի պետական ​​ինստիտուտները և հայ հասարակությանն ավելի դիմացկուն դարձնում ներքին և արտաքին մարտահրավերներին: Միևնույն ժամանակ, մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է անցնի տոկունության փորձություն, քանի որ մարտահրավերները գալիս են տարբեր կողմերից», – ասաց նա:

Միաժամանակ, Արմեն Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ ժողովրդավարությունը կպահպանվի է, քանի որ Հայաստանի իշխանությունն ունի ուժեղ քաղաքական կամք՝ խորացնելու ժողովրդավարական կառավարումը, իսկ Հայաստանի ժողովուրդը մեծ աջակցություն է ցուցաբերում ժողովրդավարական արժեքներին։

«Հայաստանի ժողովրդի և կառավարության տեսակետների այս միասնությունը պայմաններ է ստեղծում ժողովրդավարության հաջողության համար։ Այս համատեքստում միջազգային հանրության կողմից Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված շարունակական աջակցությունը կապահովի ժողովրդավարության հաջողությունը Հայաստանում»,- նշեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, և մենք հաստատակամորեն հավատարիմ ենք այս խաղաղության օրակարգին և շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությամբ: Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ բնիկ հայ բնակչության էթնիկ զտում, և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100.000 հայեր ստիպված եղան փախչել և գալ Հայաստան»,- ընդգծեց նա։

Գրիգորյանի խոսքով՝ չնայած բոլոր դժվարություններին, որոնց այսօր բախվում ենք, Հայաստանը պատրաստ է իր միջազգային գործընկերների հետ միասին խաղաղություն և բարգավաճում բերել տարածաշրջան։

«Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումն էական դեր է խաղում տարածաշրջանային կայունության ձևավորման գործում։ Հայաստանը հրապարակայնորեն և թափանցիկ հայտարարեց, որ Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար փաստաթուղթ է, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է նա։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ կայացած հանդիպմանը հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին։

Նրա խոսքով՝ հատկանշական է նաև, որ վերջին բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրապարակայնորեն ճանաչել միմյանց տարածքների ճշգրիտ չափերը։

Տեսանյութեր

Լրահոս