ՀՀԿ-ն իր վրա է վերցրել Փաշինյանի կողմից ոչնչացված ՀԿ սեկտորի գործառույթը. ԵԺԿ հայտարարության քաղաքական և կուսակցական նրբերանգները
Երեկ Բրյուսելում գտնվող Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում անցկացվող Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան ընդունել է «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ Եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» վերտառությամբ հրատապ բանաձևը:
«Մեզ մեծապես անհանգստացնում է բավարար ապացույցների բացակայության պայմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելը։ Ավելի քան երկու ամիս պարոն Աշոտյանը զրկված է եղել իր ընտանիքի հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Բացի այդ, դատարանը մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը՝ Արմեն Աշոտյանին գրավով, տնային կալանքով, և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) անվանի անդամների երաշխավորությամբ ազատ արձակելու մասին»,- մասնավորապես նշված է ԵԺԿ բանաձևում:
Նույն բանաձևում Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «ազատ արձակել Արմեն Աշոտյանին, երաշխավորել արդարացի ու թափանցիկ դատաքննություն, և դադարեցնել իշանությունների ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները»։
Սա ԵԺԿ-ի երկրորդ հայտարարությունն է Հայաստանում քաղբանտարկյալներին ու մասնավորապես Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին անհապաղ ազատ արձակելու կոչով, և որքան էլ եվրոպական ընդհանուր քաղաքականությունն այսօր Փաշինյանին թույլ է տալիս անել ամեն ինչ՝ միայն թե ավարտին հասցնեն իրենց ծրագրի վերջին փուլը, այն է՝ Արցախի ամբողջական հանձնումից հետո տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղումը, ակնհայտ է, որ եվրոպական քաղաքական ընտանիքի ամենաազդեցիկ կուսակցություններից մեկի այս հայտարարությունն առնվազն իմիջային հարված է Եվրոպական խորհրդարանում բուռն ծափերի արժանացած Նիկոլ Փաշինյանին: «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մեծ թվով քաղբանտարկյալների առկայության արձանագրումն ինքնին ծաղր է փաշինյանական ծափողջույնների ֆոնին:
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի դիտարկմամբ՝ ԵԺԿ-ն իր հայտարարությամբ ֆիքսել է Հայաստանի իշխանությունների կողմից եվրոպական արժեքների և նորմերի կոպիտ խախտման փաստը, որն ինքնին մեծ հարված է՝ հասցված Հայաստանի հեղինակությանը:
«Շատ ամոթալի է, որ իրեն թավշյա, դեմոկրատական հռչակած կառավարությունը, որն ուղղություն է վերցրել դեպի եվրոպական արժեքային համակարգ, մարդկանց ազատությունից զրկում է իրենց կարծիքն արտահայտելու համար: Դա եվրոպական բոլոր հիմնական սկզբունքների ու դեմոկրատական սկզբունքների կոպիտ խախտում է: Իսկ թե ինչպես է Հայաստանի իշխանությունների այս գործելակերպն առնչվում մեր երկրի՝ ապագայում Արևմուտքի մաս դառնալու պլաններին, շատ դժվար է պատկերացնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Խաչիկյանը:
Այս հայտարարությունը շատ կարևոր է այն համատեքստում, որ փաստացի ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ իշխանության չլինելով արդեն գրեթե 6 տարի՝ չի կորցրել թե՛ իր քաղաքական, և թե՛ կուսակցական կապերը, ու կարողանում է մասնավորապես Հայաստանում տիրող քրեաիրավական «բեսպրեդելի» մասին տեղեկությունը հասանելի դարձնենք, շեշտենք, Եվրոպայում իշխող կուսակցությանը:
Մեծ հաշվով Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարական ազատությունների ոլորտում վարվող քաղաքականությունը դրսի դերակատարներին պրոֆեսիոնալ մակարդակով և ժամանակի մեջ կարողանում է ներկայացնել բացառապես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ օգտվելով իր միջազգային կապերի ընձեռած հնարավորություններից:
Դրան մեծապես օգնում է ԵԺԿ-ին իր անդամությունը, ինչը հրաշալի խողովակ ու հարթակ է իրական պատկերը և իրավիճակը ներկայացնելու առումով:
Չպետք է մոռանալ, որ Արմեն Աշոտյանի քեյսն ակտուալ ու կարևոր է նրանով, որ վերջինս հանդիսանում է ԵԺԿ-ին անդամակցող կուսակցության փոխնախագահը: Փաստացի հանիրավի մեղադրանքներով մեկուսացված է կուսակցության երկրորդ դեմքը, և ԵԺԿ-ն դրան տալիս է քաղաքական գնահատական, նույն այն ԵԺԿ-ն, որին ձգտում, բայց չի կարողանում անդամակցել կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Նկատենք, որ ԵԺԿ-ի տված գնահատականը բացառապես քաղաքական է՝ կուսակցական անդամակցության տեսանկյունից: Դա Եվրոպական միության արտաքին քաղաքական կողմնորոշումների և գերակայությունների հետ չի զուգահեռվում, որովհետև այդ կողմնորոշումներն ու գերակայությունները, ինչպես տեսնում ենք, այնուամենայնիվ մնում են քաղաքական, այլապես Արմեն Աշոտյանը կալանավորված չէր լինի:
ԵԺԿ հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ արժեքային առումով Եվրոպայի կառավարող 3 խոշորագույն կուսակցություններից մեկը գործիքներ ունի, և կուսակցական գործընկերային մակարդակում ՀՀԿ-ն, ինչպես նախկինում, երբ իշխանության ղեկին էր, այնպես էլ հիմա, իր արժեքն այդ քաղաքական ընտանիքում ամուր պահպանում է:
Եվս մի կարևոր հանգամանք. Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ըստ էության ստանձնել է քաղհասարակության, այսօր արդեն իսկ գոյություն չունեցող այն կազմակերպությունների դերը, որոնք զբաղվում էին մարդու իրավունքներով, ազատություններով, ժողովրդավարական արժեքների՝ հասարակության գիտակցության մեջ խորացմամբ: Այսինքն՝ ՀՀԿ-ն այսօր ըստ էության իր վրա է վերցրել Փաշինյանի կողմից ոչնչացված ՀԿ սեկտորի գործառույթը:
Խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնք անաչառ են, կախված չեն այս կամ այն կենտրոններից, միջազգային կազմակերպություններից կամ սորոսականությունից, հիմքում ունեն ազգային գաղափարներ ու շահագրգիռ են իրականում մարդու իրավունքների պաշտպանությամբ: Այսինքն՝ այն, ինչ իրականում պիտի աներ ՀԿ սեկտորը, անում է ՀՀԿ-ն:
Իսկ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող «քաղհասարակություն» կոչվածը, որի շատ անդամներ այսօր իշխանության վերին էշելոնում են, և նախկինում անգամ Մաշտոցի պուրակի ճմրթված տերևի համար էին միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ու դեսպանատների առջև ցույցեր ու պիկետներ անում, ոմանք՝ նույնիսկ հորիզոնական դիրքով, այսօր ձկան նման լուռ են, որ երկրի ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից մեկի փոխնախագահն անազատության մեջ է Նիկոլ Փաշինյանի կամքով… Խոսելու համար…