Հայրենասիրական ծայրագավառային սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը. Նիկոլ Փաշինյան
Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցին անդրադառնալով՝ նախ հայտարարեց, որ 1996 թվականից Արցախի հարց գոյություն չի ունեցել, այնուհետև հավելեց՝ արդյո՞ք այն ժամանակ չէին կարող ավելի վաղ հասկանալ այդ ամենի հետևանքները, առանց ներկայիս աղետների ու ողբերգությունների միջոցով անցնելու, ապա իր հնչեցրած հարցին էլ պատասխանեց.
«Միայն մի պարագայում կարող էինք՝ մտածողության փոփոխության, իսկ դա ոչ թե դժվար, այլ անհնար էր, որովհետև դեռևս կոմունիստական ժամանակներում ձևավորված հայրենասիրական ծայրագավառային մոդելը մեզ դա թույլ չպիտի տար։ Հենց հիմա Հայաստանում դա է տեղի ունենում՝ մտածողության փոփոխություն։ Հայրենասիրության ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը, որը փորձեցի արտահայտել 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ բարձրաձայնած մի քանի թեզերով»։
Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց կրկին հայտարարել այն, ինչ նախկինում ասել էր՝ «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, եղիր օրինապահ, վճարիր հարկերդ»։
«Ուզում եմ այս ամբիոնից ևս մեկ անգամ՝ ինչպես վարվեց պատգամավոր Արսենյանը, շնորհակալություն հայտնել ՀՀ-ում ստեղծարար աշխատանքով ավելացված արժեք ստեղծող բոլոր քաղաքացիներին ու սուբյեկտներին, բոլոր օրինապահ հարկ վճարողներին։ Դուք եք պետության հենարանն ու ապավենը, ձեր գործելակերպն է հայրենասիրության նոր մոդելի էությունը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում