ՀԱՊԿ նիստին մասնակցելով՝ կստացվի՝ կասկածի տակ ենք դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ Մինսկում նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ նիստին չմասնակցելու վերաբերյալ։
«Երեկ հայտնի դարձավ, որ դուք հրաժարվել եք մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին։ Հոկտեմբերի 12-ին չմեկնեցիք Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, այնտեղ չմեկնեց նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նոյեբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական նիստին հրաժարվեց մասնակցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստից էլ բացակայել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սրան զուգահեռ՝ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ քարուղարի տեղակալի իր քվոտայից, հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին, հրաժարվել է Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններից։ Շատ ուղիղ հարց եմ տալիս, ի՞նչ է այս ամենը նշանակում, Ձեր այս քայլով արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող եք նախապատրաստում։ Եթե այո, ապա հստակ ձևակերպեք, թե լավ կամ վատ, բայց այդուհանդերձ հողի վրա գոյություն ունեցող անվտանգային համակարգն ինչ անվտանգային համակարգով եք փոխարինելու։ Եթե դուրս չեք գալու, ճի՞շտ եմ հասկանում, որ ստացվում է՝ նեղացկոտ երեխայի քաղաքականությամբ եք որոշել ՀԱՊԿ անդամներին և մասնավորապես Ռուսաստանին խելքի բերել»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։
Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե նույնիսկ չկարողանա արձագանքել պատգամավորի հնչեցրած բառապաշարին, ինքնին լռությունը չի նշանակում, որ նրա արած որևէ ձևակերպման հետ համաձայն է։
«Քավ լիցի, մենք չենք պատրաստվում և մեր մտքում էլ չկա նման բան, և ես խորհուրդ կտայի ձեզ նման բառապաշար չօգտագործել՝ խելքի բերել որևէ մեկին։ Ես կնախընտրեի ասել, որ մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ես որևէ բանի համար հող եմ նախապատրաստում, ես որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում, որովհետև այդ հողը կա՛մ կա, կա՛մ չկա, անկախ մեր նախապատրաստելուց։
Ցավոք, ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել Հայաստանի դեմ եղած մարտահրավերներին, և մենք, ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ, ուղղակի արձանագրում ենք, որ մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք մենք ամեն անգամ գնում ու կրկնում նույն բաները՝ չստանալով որևէ արձագանք։
Այդ պայմաններում մենք մասնակցելով՝ կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կասկածի տակ կդնի ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Մենք նման բան մեզ թույլ տալ չենք կարող»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում