
«ՀԱՊԿ-ի ցուցաբերած գործելաոճին այս պահին սա է պատշաճում». Արման Եղոյանը՝ ՀԱՊԿ նիստին Փաշինյանի չմասնակցելու մասին

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ իրենց դիրքորոշումը բարձրաձայնել են դեռևս 2021 թվականից սկսած, ինչն էլ, ըստ նրա, բացատրում է կառույցի առաջիկա հանդիպմանը Փաշինյանի չմասնակցությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը Բելառուսի ղեկավարի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ չի կարողանալու ներկա գտնվել նոյեմբերի 23-ին նախատեսվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Դիտարկմանը, որ հանդիպումների չմասնակցելու ֆոնին՝ ՀՀ իշխանությունները կառույցի հետ գործակցությունը կասեցնելու որոշումն ավարտին չեն հասցնում՝ Եղոյանն ասաց, որ այս գործընթացները չեն ենթադրում կառույցի անդամակցության դադարեցում:
«Իսկ ո՞վ է ասում, որ մեկին պետք է հետևի մյուսը: Պարզապես այս փուլին այս գործելաոճն է պատշաճում: Ձեր ասածն այն է, որ, օրինակ՝ 5 նիստի չմասնակցելուց հետո 6-րդ քայլով պետք է դո՞ւրս գալ այդ կառույցից: Ասացի՝ որն է խնդիրը: Սկսած 2021 թվականին ՀՀ սուվերեն տարածքի դեմ հարձակումից, ՀԱՊԿ-ին ուղղված մեր դիմումից ու դրան ո՛չ պատշաճ արձագանքելուց հետո՝ պատշաճում է այս վարքագիծը»,- ասաց իշխանական պատգամավորը:
Հարցին՝ անդամակցությունը չդադարեցնելով ու միևնույն ժամանակ հանդիպումներին չմասնակցելով՝ արդյո՞ք խնդիրները կլուծվեն՝ Եղոյանը հստակ պատասխան տալ չկարողացավ՝ նշելով, որ չի կարող կանխատեսել հետագա իրադարձությունների հանգուցալուծումը:
Նազելի Ստեփանյան