Ո՞ւմ են պետք այդ օգուտները, եթե վտանգվելու է երկրի տնտեսական անվտանգությունը
Հանձին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունները, հանուն իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Մեկ անգամ չէ, որ փորձել են խեղաթյուրել իրականությունը, իրենց անհիմն ու չպատճառաբանված լավատեսությամբ սին հույսեր արթնացնել մարդկանց մեջ, կերակրել ապագայի կեղծ լավատեսությամբ ու ազդել հասարակության սպասումների վրա։
Օրինակները բազմաթիվ են, բայց այս մեկն էլ բավական է՝ պատկերացնելու իշխանությունների անհիմն երևակայության սահմանները. Հավանաբար արդեն քչերն են հիշում, թե ժամանակին ինչպես էր Նիկոլ Փաշինյանը ոգևորված խոսում համաշխարհային ապրանքային շուկաները նվաճելու մասին։ Ասում էր՝ երբ այլ երկրներում համավարակի հետևանքով արտադրության ծավալները կրճատվել են, համաշխարհային շուկաներում բազմաթիվ ազատ տեղեր ու տարածքներ են բացվել, որոնք կարող ենք լցնել հայկական ապրանքներով։
Թե հայկական ապրանքները որքանո՞վ լցրեցին համաշխարհային շուկաներում ազատված տեղերը, հետագայում տեսանք։ Միայն թե պետք չէ սրա հետ շփոթել առևտրի այն աշխուժությունը, որն ունենք վերջին մեկ ու կես տարում։ Դա կապված չէ ո՛չ հայկական ապրանքների, և ո՛չ էլ համաշխարհային շուկաները նվաճելու հետ։ Կապված է տարբեր երկրների ապրանքներն այս ու այնտեղ տեղափոխելու հետ։ Դրանց մեջ հայկականը շատ քիչ է, հայկական ապրանքների ծավալները նույնիսկ կրճատվել են։
Համաշխարհային շուկաները «նվաճելուց» ու հայկական ապրանքներով լցնելուց հետո, հիմա էլ սկսել են մարդկանց ներշնչել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված իրենց անիրատեսական ու չհիմնավորված լավատեսությամբ։ Ասում են՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարճ ժամանակում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ։
«Նման ակնկալիքներ կարող են լինել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման դեպքում»,- անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և «Հայկական խաչմերուկը» հիմա էլ «Խաղաղության խաչմերուկի» վերածած իշխանությունների առաջ քաշած նախագծին՝ օրերս հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ի՞նչ հիմքով է նա նման հայտարարություն անում, հայտնի չէ։ Հայտնի չէ նաև՝ նման ուսումնասիրություններ արվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե նույնիսկ արվել են՝ շատ կարևոր է, թե ովքե՞ր են արել և ի՞նչ հետաքրքրություններ ունեն տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումից։
Սրանք հարցեր են, որոնց պատասխաները կարևոր են ապաշրջափակումից ակնկալվող արդյունքների մասին խոսելու համար։
Քերոբյանն ասում է, որ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը կարճ ժամանակում կհանգեցնի ՀՆԱ 30 տոկոս աճի։ Եթե դա պիտի լինի առևտրային հոսքերի սպասարկման հաշվին, նման աճերը մեր տնտեսությանը բացարձակ պետք չեն։ Այդպիսի աճեր վերջին մեկ ու կես տարում տեսնում ենք։ Ներմուծում-արտահանումների, առևտրային հոսքերի սպասարկման և մի շարք այլ գործոնների արդյունքում ՀՆԱ-ն բարձր տեմպերով աճում է, իսկ իրական տնտեսությունը միայն վնասներ է կրում։ Իրական տնտեսության մասնակցությունն այդ աճի մեջ գնալով նվազում է։ Փոխարենը՝ ավելանում է այն հատվածների մասնակցությունը, որոնք քիչ կապ ունեն ներքին տնտեսության հետ։
Այսպիսի աճերը ոչ մի արժեք չունեն մեր տնտեսության համար։ Ու եթե նման աճերի վրա է հույսը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման պարագայում, դա ոչ մի լավ բան չի խոստանում մեր տնտեսությանը։
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որը ենթադրում է նաև ազատ առևտրի հնարավորությունների ընձեռում, բացի այն, որ չի կարող երաշխիք լինել Հայաստանի տնտեսության համար, այլև լրջորեն հարվածելու է իրական տնտեսությանն ու հատկապես տնտեսության մի շարք ճյուղերին։
Դա վերաբերում է, առաջին հերթին՝ գյուղատնտեսությանը։ Գյուղատնտեսության բազմաթիվ ապրանքներ դառնալու են անմրցունակ։ Դրանց արտադրությունը դառնալու է անիմաստ ու անարդյունավետ։ Նույնը նաև վերամշակող ճյուղերին է վերաբերում։ Եվ ոչ միայն գյուղմթերքների վերամշակող ճյուղերին, այլև թեթև արդյունաբերությանը։ Թեթև արդյունաբերությունը դուրս է մղվելու մեր տնտեսությունից։
Դուրս են մղվելու նաև բազմաթիվ այլ ապրանքների արտադրություններ, որոնք չեն կարողանալու մրցակցել ներմուծվողների հետ։
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, որի հետ կապված այդքան մեծ ակնկալիքներ ունեն այս իշխանությունները, լինելու է ի վնաս Հայաստանի տնտեսության, որովհետև մեր տնտեսությունը պատրաստ չէ դրան։
Կոմունիկացիաների բացմանը որքան էլ դժվար է դեմ լինել, տնտեսությունը պետք է պատրաստ լինի։
Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա. անկումային վիճակում գտնվող արդյունաբերություն և տարիներ շարունակ նվազող գյուղատնտեսություն։ Արձանագրվող բարձր աճերն էլ, որոնք ունենք, գերազանցապես առևտրի ու ծառայությունների հաշվին են։ Տեղական ապրանքների արտադրությունն ընդլայնվելու փոխարեն՝ նվազում է։ Մեր տնտեսության ծավալները շատ փոքր են, դիմակայելու հնարավորությունները՝ նվազ։ Հատկապես, երբ շրջապատում կան ագրեսիվ տրամադրված հարևաններ, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել մեր առանց այդ էլ փոքր տնտեսական պոտենցիալը կոտրելու ու դուրս մղելու համար։
Այսպիսի պայմաններում Հայաստանի տնտեսական անվտանգությունը ոչնչով երաշխավորված չէ, նույնիսկ, կարելի է ասել, հայտնվելու է ուղղակի վտանգի տակ։
Սրա մասին է պետք առաջին հերթին մտածել և ոչ թե՝ հաշվել այն օգուտները, որոնք իբր թե կարող են ստացվել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունում։
Ո՞ւմ են պետք այդ օգուտները, եթե վտանգվելու է երկրի տնտեսական անվտանգությունը։
Հույսը դրել են առևտրային որոշ հոսքերի ու բեռների տեղափոխման էժանացման վրա։
Լավ, ասենք՝ ներմուծումն էժանացավ, դա ի՞նչ է տալու մեր տնտեսությանը։ Այն, որ ներքին արտադրության մրցունակությունն ավելի՞ է ընկնելու։
Անշուշտ, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կէժանացնի նաև արտահանումը, բայց դրա համար նախ պետք է արտահանվող ապրանք ունենալ, նոր մտածել էժանացման ու արտաքին շուկաներում դրանց մրցունակության բարձրացման մասին։
Ի՞նչ ունի այսօր մեր տեղական արտադրությունը դրսին առաջարկելու համար. հումքային ապրանքներից բացի, շատ քիչ բան՝ գյուղմթերք, վերամշակվող և թեթև արդյունաբերության որոշ ապրանքներ։
Սրանո՞վ ենք մրցակցելու հարևանների հետ ու պաշտպանելու մեր տնտեսության անվտանգությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ