Ջութակի առաջին պատկերը գտնվել է Դվինում. ունենք դպրոցի հնագույն ավանդույթներ. Նիկոլայ Մադոյան

Ջութակ նվագելու համար անհրաժեշտ է ստեղծագործական տաղանդ, զգացմունքայնություն և այդ բարդ գործիքին «հնազանդեցնելու» կարողություն: Ինչպե՞ս է կարողացել այս ամենը համատեղել ջութակահար, «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը՝ պարզել ենք նրա հետ զրույցում:

Ջութակի հետ Ձեր ծանոթությունը եղել է 8 տարեկանում, սակայն սկզբում հաճախել եք դաշնամուրի դասերի: Ինչո՞ւ դաշնամուրին «դավաճանեցիք» ու գնացիք ջութակի մոտ:

– Սկզբում շատ մեծ մրցույթ էր, և լսողության անբավարարության պատճառով ինձ առաջարկեցին մեկ տարի սովորել ջութակի դասարանում: Աստծո կամքով ես կարողացա ճիշտ ուղղությամբ գնալ: Դա իմ ճակատագրական քայլն էր և շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց և գտա իմ արտահայտման միջոցը:

Հատկապես 1980-90-ական թթ. երեխաներին ուղարկում էին երաժշտական դպրոց ու անպայման դաշնամուրի: Դուք սիրել եք այն, բայց չստացվե՞ց սովորել:

– Ո՛չ: Իմ պապը մելոման էր, անգիր գիտեր բոլոր օպերաները: Մեր ընտանիքում միշտ երաժշտություն էր հնչում, և չեմ կարող ասել, որ ինձ հատկապես դաշնամուրն էր հետաքրքրում: Հիշում եմ՝ հիացմունքով էի լսում ջութակահար Յաշա Հայֆեցի ձայնագրությունները: Ենթագիտակցորեն միշտ ձգտում էի ջութակի:

Ջութակ սովորելիս՝ սկզբում կարծես թե դժվարացել եք նվագել՝ ինչպես բոլոր երեխաները, և ծնողները խոստացել են, որ եթե մի քանի ամսում չլինեք առաջինը՝ կհանեն դպրոցից: Մի քիչ խիստ չէ՞ր, և ինչպե՞ս էին Ձեզ ոգևորում:

– Այո՛, բարդ գործիք է: Հատուկ մոտեցում, լավ մասնագետներ են անհրաժեշտ: Իմ ուսուցիչներից Հրաչյա Բոգդանյանը ժամանակին եղել է Պոլյակինի աշակերտը, իսկ նա՝ աուերյան դպրոցի ներկայացուցիչ: Հանճարեղ էր նաև Հովհաննես Նալբանդյանը, ով եղել է հունգարացի ջութակահար Աուերի ասիստենտը: Մենք ունենք ջութակի դպրոցի հնագույն ավանդույթներ. Օրինակ, Իվան Գալամյանը՝ Նյու Յորքում, ով մի շարք հայտնի ջութակահարների ուսուցիչն է եղել: Ջութակի առաջին պատկերը գտնվել է Դվինում՝ 9-րդ դարում: Ես տեսել եմ մի կավ, որի վրա պատկերված էր ջութակ, ինչն ապացուցում է, որ ջութակն իր արմատները կրում է Հայաստանից: Մենք ունենք հարուստ մշակույթ, բազմաթիվ կոմպոզիտորներ, ստեղծագործություններ, որոնք համաշխարհային ասպարեզում ճանաչում ունեն ու կարող են մրցակցել Վիվալդիի, Բախի ստեղծագործությունների հետ: Պետք է զարգացնենք այս ամենը, լինեն հովանավորներ, ովքեր կֆինանսավորեն մեր նվագախմբերին: Ունենք հիմքեր և պոտենցիալ՝ մեր մշակույթն աշխարհում արժանապատիվ ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է ինձ ու ջութակի հետ կապված դժվարություններին, ապա ծնողներս ոգևորում էին, փորձում հայտնաբերել իմ ունակությունները: Հիշում եմ, օրը 5-6 ժամ էի պարապում, բայց ինձ չէին ստիպում, միշտ սիրահարված եմ եղել երաժշտությանը: Կարևոր է նաև մթնոլորտը, ուսուցիչները: 13 տարեկանում տեղափոխվեցի Նովոսիբիրսկ, ուսուցիչս հայտնի դասախոս Զախար Բրոնն էր: Սովորել եմ վունդերկինդների դասարանում: Սնվում էինք արվեստով, կար առողջ մրցակցություն, որը հնարավորություն էր տալիս կատարյալ ներկայանալ:

Փաստորեն, այսպես ասենք, Ձեր բախտը բացվել է 13 տարեկանում: Ինչո՞ւ Զախար Բրոնը հենց Ձեզ ընտրեց:

– Այո՛: Իմ ուսուցիչներից Հրաչյա Բոգդանյանը Չայկովսկու անվան դպրոցում հատուկ բաժին ստեղծեց ինձ համար: Ինքը Կոնսերվատորիայում էր դասավանդում, իսկ ես փոքր էի, բայց գալիս էր դպրոց, որ ինձ հետ պարապեր: Այդ յուրահատուկ վերաբերմունքը ճակատագրական էր ինձ համար: Հետո Երևան այցելեց Բրոնը՝ Վադիմ Ռեպինի հետ: Վերջինը կատարում էր Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: Համերգից հետո մոտեցանք շնորհավորելու, ապա խնդրեցինք, որ Բրոնը լսի ինձ: Ուղղակի հիացած էր, և ծնողներիս խնդրեց, որ տեղափոխվենք Նովոսիբիրսկ, քանի որ համարում էր, որ մեծ հանցագործություն կլինի, եթե իմ պոտենցիալը ճիշտ չզարգանա: Ինքն ուներ հատուկ համակարգ, որը մեծ ազդեցություն թողեց իմ երաժշտական կարիերայի վրա: Հյուրախաղերով հանդես էինք գալիս արտասահմանում՝ որպես քաղաքական զենք, սովետական դպրոցի համակարգը կերտող արտիստներ: Այդ ժամանակ արտասահմանում հանդես գալը հազվագյուտ էր ու գրեթե անհնար:

Ուսումը շարունակել եք Գերմանիայի կոնսերվատորիայում: Փորձի առումով ի՞նչը կարող ենք ներմուծել մեր դպրոցներ, Կոնսերվատորիա:

– Ինձ համար կարևոր էր ուսումնասիրել եվրոպական ավանդույթները: Ձեռք բերեցի բազմաթիվ էլեմենտներ: Սովետական Միության ժամանակ չունեինք էներգիայի փոխանակման հնարավորություն, և ես նոր աչքերով նայեցի դասական հանճարեղ ստեղծագործություններին: Օրինակ, հետազոտեցի Մոցարտի կոնցերտները, ուսումնասիրեցի օպերաները, եվրոպական մոտեցումը, ինչը հարստացրեց իմ նվագը:

Հիմա մենք հնարավորություններ ունենք, ու մեզանից է կախված, թե ինչքանով կօգտագործենք և կընդգրկենք այդ երաժշտական մարգարիտները մեր առօրյա կյանք: Ես միշտ փորձել եմ կրթական նպատակներով կազմել մտածված ծրագրեր և ֆիքսել եմ, որ դահլիճ այցելում են բազմաթիվ երեխաներ:

– Բավականին հաճախ կատարում եք Վիվալդիի «Տարվա եղանակները»: Ո՞րն է տարվա Ձեր եղանակը:

– «Տարվա եղանակները» խորհրդանշում են կյանքի հավերժությունը, և ինձ համար տարվա բոլոր եղանակներն ունեն էլեմենտեր, որ չես կարող առանձնացնել: Կատարյալը, կարծում եմ, միքսն է:

Խոսեցիք էլեմենտների մասին: Կոնսերվատորիայում սովորելիս անգամ դասամիջոցի չեք գնացել և ամեն ինչ արել եք, որպեսզի այն էլեմենտը, որը չի ստացվել Ձեզ մոտ, կարողանաք նվագել: Շատ չե՞ք տանջել Ձեզ:

– Ոչ, դա մեզ համար բնական էր: Հոգեպես ցավ էինք զգում, երբ ինչ-որ մի տարր չէր ստացվում, ու չէինք հանգստանում, մինչև կատարյալ չէր լինում:

– Նմանություն եմ տեսնում Ձեր և գերմանացի հայտնի ջութակահար Դևիդ Գարեթի միջև: Նա ևս դժվար ճանապարհ է անցել, ասում է՝ 6-7 ժամ, հատկապես հայրը, փակել է սենյակում, որպեսզի պարապի և հասնի կատարելության ու, երաժշտի խոսքով, չէր ցանկանա վերադառնալ մանկություն: Ձեր դեպքում ինչպե՞ս է, կուզեի՞ք:

– Ի դեպ, նա ևս սովորել է Բրոնի մոտ: Ձեր հարցին կդժվարանամ պատասխանել: Ես գտա իմ տարերքը, ուղղությունը, որը հազվադեպ է լինում կյանքում: Հպարտ եմ, որ իմ էներգիան, պոտենցիալն ուղղեցի այդտեղ: Երջանիկ եմ, որ ունեմ ամենաազդեցիկ արտահայտման միջոցը:

– Ջութակահար դառնալու համար տաղա՞նդ է պետք, թե՞ աշխատասիրություն:

– Երկուսն էլ: Իհարկե, ճակատագրական դեր են խաղում ուսուցիչները, մթնոլորտը: Ջութակն ունի սպեցիֆիկ տարրեր, որ ստիպված ես հաշվի առնել: Պետք է կարողանաս նրա միջոցով արտահայտել զգացմունքներդ:

Ես համարվել եմ աշխարհի ամենաուժեղ ջութակահարը՝ գրանցվելով «Գինեսի» ռեկորդների գրքում: Ներկայացրեցի տարբեր դարաշրջանի 59 ստեղծագործություն, այդ թվում՝ հայկական, և ձեռք բերեցի նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս առանց դադարի նվագել ու մկանների տարբեր հատվածներ թարմացնել: Աննկարագրելի ազատություն ևս ձեռք բերեցի:

Կարծես Պագանինիի նման մարտական տրամադրվել եք ռեկորդ անելու: Հայտնի է, որ նա սկզբում երկու լարի վրա է կատարել ստեղծագործությունը, իսկ երբ երկրպագուն ասել է, որ նրան կգերազանցեն, եթե մեկ լարի վրա նվագեն՝ երկու շաբաթ անց հենց ինքն է սոնատը մեկ լարի վրա նվագել: Դուք ի՞նչ եք պատրաստվում անել՝ Ձեզ գերազանցելու համար: Կարծեմ անդադար՝ 33 ժամ 2 րոպե 41 վայրկյան եք նվագել:

– Պատմության մեջ առաջին անգամ նվագեցի Պագանինիի 6 կոնցերտները, որը գրանցվել է «Դյուցազնագրքում»: Մեկ լարի վրա ես ևս նվագել եմ Պագանինիի վարիացիաները: Դա նույնպես խնդիր չէ ինձ համար:

Դուք ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացել եք 31 տարեկանում: Կոչումներն արիտիստի համար որքանո՞վ են կարևոր:

– Նոր իմպուլսներ են տալիս, երբ պետությունդ գնահատում է: Ստեղծագործական նոր էներգիա է ծնվում:

Տեսանյութեր

Լրահոս