Հնարավոր է՝ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին. «Ազատություն»

Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց հնարավոր է, որ բանակցությունները տեղի ունենան հաջորդ ամիս, այսօր «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Բրյուսելյան աղբյուրը միաժամանակ որոշ փակագծեր է բացել այդ բանակցություններից՝ մանրամասնելով, որ դրանց օրակարգում է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը։ Ընդ որում, եվրոպացի դիվանագետը նշել է, թե իրենց հետ հանդիպումներում Ադրբեջանի նախագահը վստահեցնում է՝ որևէ նկրտում չունի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Նա հավաստիացնում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն և լուծեն մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի և Ադրբեջանից Հայաստանի հարավային հատվածներ հասնելու վերաբերյալ», – ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով. – «Բոլոր այդ հարցերը պետք է քննարկվեն, և հենց դրա շուրջ է նախագահ Շառլ Միշելի և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությունը»։

Թեև Ադրբեջանի նախագահն անցած ամիս երկու անգան մերժեց Եվրամիության միջնորդությամբ Հայաստանի հետ հանդիպելու առաջարկները, Բրյուսելում իրավիճակը փակուղային չեն համարում։ Ավելին՝ պնդում են, թե փակ դռների ետևում Ադրբեջանի նախագահը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այն էլ՝ մի քանի անգամ։

«Բանակցությունների սեղանի շուրջ մենք լսել ենք Հայաստանի վարչապետի հստակ հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ՝ մի բան, որ շատ առանցքային էր, քանի որ հնչում էր առաջին անգամ 30 տարում։ Մենք ճշգրիտ կերպով նույն հայտարարությունն էլ լսել ենք նախագահ Ալիևից՝ բազմաթիվ անգամներ», – ասել է եվրոպացի դիվանագետը։

Հրապարակային հայտարարություններում, սակայն, Ադրբեջանի նախագահն այս մասին չի խոսել, ինչը նաև Հայաստանի իշխանություններն են մի քանի անգամ արձանագրել:

Մյուս կողմից, ըստ եվրոպացի պաշտոնյաների, Ալիևը դռնփակ հանդիպումներում նաև խոստացել էր, որ ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով չի լուծի, և խոստումը տալուց մի քանի օր անց հարձակվել Արցախի վրա։

Այդուամենայնիվ, չնայած այս զարգացումներին, Բրյուսելում վստահ են, որ կկարողանան կողմերին նստեցնել մեկ սեղանի շուրջ և հաշտության հասնել։

«Մենք այժմ փորձում ենք լուծել սեղանին առկա հարցերը, որոնք հակամարտություն բորբոքելու ներուժ ունեն, և զուգահեռ օգնել Հայաստանի պաշտպանության ու դիմակայության ամրապնդմանը», – ասել է եվրոպացի դիվանագետը։

Ըստ տարբեր աղբյուրների․ Բրյուսելն այժմ աշխատում է Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու վրա, և շատ մոտ ապագայում այդ առաջարկը կներկայացնի Հայաստանի իշխանություններին։

Տեսանյութեր

Լրահոս