Բաժիններ՝

13 միլիոնանոց մեգապոլիսը «փակվել է» Հարավային Ասիայում օդի աղտոտվածության պատճառով

Հարավային Ասիայում օդի աղտոտվածության պատճառով «փակվել է» մի քանի քաղաք, որոնցից վերջինը 13 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Լահորն է՝ Պակիստանում երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքը։
Նշվում է, որ շուրջ 50 միլիոն մարդ գրեթե մեկ շաբաթ թունավոր օդ է շնչում։

Լահորում փակվել են դպրոցները, հասարակական զբոսայգիները, հանրախանութները և գրասենյակները այն բանից հետո, երբ օդի որակի ինդեքսը հասել է 400-ի։ Դա համարվում է օդի աղտոտվածության «վտանգավոր» մակարդակ։

Պակիստանի Փունջաբի նահանգի ևս 2 քաղաքներում՝ Գուջրանվալայում և Հաֆիզաբադում, հայտարարվել է բնապահպանական և առողջապահական արտակարգ դրություն, մինչև իրավիճակը բարելավվի։

Ընդհանուր առմամբ, այս միջոցառումներն ազդել են 15 միլիոն մարդու վրա։

Պակիստանի հարևան Հնդկաստանում ևս օդի որակի հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Անցյալ շաբաթվանից ծխամշուշը պատել է մայրաքաղաք Նյու Դելին՝ օդի աղտոտվածությունը հասցնելով վտանգավոր մակարդակի։

Սովորաբար տարվա վերջին՝ բերքահավաքից հետո, միլիոնավոր ֆերմերներ դաշտերում այրում են խոզանը՝ հացահատիկային բույսերի ցողունների արմատամերձ մասը։ Այդ ծուխը, տրանսպորտային միջոցների և արդյունաբերության արտանետած ծխի հետ միասին, ծխամշուշ է առաջացրել Հնդկաստանի հյուսիսային նահանգներում։

Դելիում ծխամշուշի դեմ պայքարի համար մտադիր են արհեստական անձրև առաջացնել։

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում նույնպես, որն ունի 10 միլիոն բնակչություն, օդի աղտոտվածության բարձր մակարդակ է գրանցվել։

Օդում հայտնաբերվել են այնպիսի մասնիկներ, որոնք կարող են ազդել մարդու ճանաչողական ունակությունների և իմունային համակարգի վրա։ Դրանք կարող են նաև առաջացնել թոքերի և սրտի հիվանդություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս