Ռուս ռեժիսորի՝ Ադրբեջանի «հաղթանակի» օրվա մասին գրառումից հետո ՀՀ-ում նախատեսված փառատոնի անցկացումը չեղարկվել է
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշում է կայացրել չեղարկել «Արտդոկֆեստ» կոչվող փառատոնի անցկացումը բուհում։
Պատճառը, ըստ բուհի հայտարարության, «Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկու գրառումն է, որտեղ վերջինս երեկ Բաքվի օդանավակայանից լուսանկար է հրապարակել և բուռն ոգևորությամբ գրել, որ արդեն երկու անգամ իրեն բախտ է վիճակվում Ադրբեջանի «Հաղթանակի օրով» լինել այդ երկրում:
Մանսկին նշել է, թե այնքան է տպավորվել առաջին անգամ «Հաղթանակի օրվանից», որ հիմա եկել է հատուկ նկարելու տոնական մթնոլորտը:
Փառատոնը բուհում պետք է տեղի ունենար նոյեմբերի 23-26-ը։
Արդեն երկու տարի է, ինչ այդ փառատոնը Ռուսաստանում արգելված է, ինչի հետևանքով տեղափոխվել է Երևան։
Վիտալի Մանսկին փառատոնի՝ պետական ինստիտուտում չեղարկման որոշումից հետո գրառում է կատարել իր էջում՝ նշելով. «Գրեթե երբեք չեմ ջնջում իմ գրառումները։ Բայց այսօր Երեւանից ընկերներս զանգահարեցին ու ասացին, որ Բաքու մեկնելու մասին իմ տեքստը Հայաստանում շատերը սխալ են հասկացել։ Ես ջնջել եմ գրառումը և կփորձեմ պարզաբանել. Իսկապես, «տպավորված» բառը կարելի էր կարդալ որպես հավանություն։ Բայց դա նշանակում է, որ այն, ինչ տեսա Բաքվում, ուժեղ զգացմունքային տպավորություն թողեց ինձ վրա։
Եվ այն, ինչ տեսա, համոզում է, որ պատերազմը չի ավարտվել՝ չնայած Հաղթանակի բոլոր օրերին։ Նման հարեւանությամբ գտնվող Հայաստանի համար ապագան շարունակում է ողբերգական մնալ։ Ես նախատեսում եմ գալ Երևան և շարունակել այս դժվարին զրույցը դեմ առ դեմ աշխարհի մասին, որը դատապարտված է պատերազմի։
Ի դեպ, ցուցադրությունների ծրագրում ընդգրկված է Արցախյան պատերազմի մասին պատմող «Նինայի երեխաները» ֆիլմը։ Հուսով եմ, որ այս ֆիլմի քննարկման ժամանակ մենք հնարավորություն կունենանք զրուցելու։
P.S. Ինչ վերաբերում է Բաքվում նկարահանումներին. Սա դրվագ է հակապատերազմական մեծ ֆիլմի համար, որը նկարահանվում է աշխարհի տարբեր երկրներում։ Ադրբեջանի իշխանությունները մեզ չեն հրավիրել, ոչինչ չեն վճարել, և մենք զգալի դժվարությամբ նկարահանել ենք դա»: