Եզրակացություններ ինքներդ արեք՝ պատրաստվում էր գալ Մոսկվա, ապա հայտնեց, որ գրաֆիկ է փոխվել, ու Երևանում ընդունեց Պետդեպի խորհրդականին․ Զախարովան՝ Արմեն Գրիգորյանի մասին

«Մոսկվան այս առնչությամբ պարզելու ոչինչ չուներ»,- այս մասին ամենշաբաթյա  ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պարզե՞լ են՝ ինչու ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չմասնակցեց օրերս Մոսկվայում անցկացված ԱՊՀ ԱԽ քարտուղարների հավաքին։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցում Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, որը նախատեսված էր նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Նշենք նաև, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը կազմակերպվել էր Բիշքեկում:

Զախարովան ասաց, որ այստեղ Մոսկվան պարզելու ոչինչ չուներ, քանի որ մի կողմից՝ նա պատրաստվում էր գալ Մոսկվա, ապա ասաց, որ չի կարող, քանի որ գրաֆիկ է փոխվել։ «Հետո մենք տեսանք, որ նա ընդունել է Երևանում Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ Պետդեպի ավագ խորհրդականին։ Եզրակացություններն ինքներդ արեք, սակայն միևնույն ժամանակ Հայաստանը ներկայացված էր Ռուսաստանի դեսպանի մակարդակով, և ըստ էության մասնակցել է նիստին։ Իսկ մակարդակը որոշում է ինքը՝ պետությունը»,- ասաց Զարախովան։

Տեսանյութեր

Լրահոս