ԵՄ-ն Աֆղանստանի բնակչության և փախստականների համար 61 մլն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ Եվրամիությունը 61 մլն եվրո է հատկացրել հումանիտար օգնության տեսքով՝ երկրում բնակչության առավել կարիքավոր խավերի և Պակիստանում փախստականների համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Բրյուսելում հրապարակված հաղորդագրությունը:
«Ընդհանուր առմամբ 60 մլն եվրո է հատկացվել Աֆղանստանում գործող մարդասիրական կազմակերպություններին, ևս 1 մլն եվրո՝ Պակիստանում գործող կազմակերպություններին: Նոր ֆինանսավորումը կօգնի դիմակայել Աֆղանստանում պարենային ճգնաժամին, որտեղ բնակչության գրեթե կեսը պարենի սուր պակաս է զգում»,-ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Աֆղանստանին ԵՄ օգնության հերթական փաթեթը կծառայի նաև այլ կարիքների համար, ինչպիսիք են բնակարանները, պաշտպանությունը, առողջապահությունը, սնունդը, ջրամատակարարումը և սանիտարական պայմանները, հատկապես հոկտեմբերին երկրի արևմուտքում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից տուժած բնակչության համար: