Փարիզի քաղաքապետը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն արցախահայության հետ տեղի ունեցածը քննարկել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Քաղաքապետն այդ մասին հայտնել է X–ի իր էջում։
Նա նշել է, որ Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալման և այդ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման համար։
«Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100 000 փախստականների և Ադրբեջանի կողմից ձերբակալված քաղաքական բանտարկյալների հետ են։Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ բանտարկյալներին»,– գրել է Իդալգոն։
Նա հավելել է, որ դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով արցախահայության ներկայացուցիչներին կհանձնվի Փարիզի պատվավոր քաղաքացիություն: