ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են դուրս գալ ԵՍԶՈՒ պայմանագրից՝ հետևելով Ռուսաստանին
ՆԱՏՕ-ի երկրները հայտարարել են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին (ԵՍԶՈՒ) իրենց մասնակցությունը դադարեցնելու մտադրության մասին՝ դա պատճառաբանելով ԵՍԶՈՒ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու որոշմամբ։
«Դաշնակիցները դատապարտում են Ռուսաստանի որոշումը՝ դուրս գալու Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից, ինչպես նաև Ուկրաինայի դեմ նրա պատերազմը, որը դեմ է պայմանագրի նպատակներին․․․ Ճանաչելով ԵՍԶՈՒ-ի դերը՝ որպես Եվրաատլանտյան անվտանգության ճարտարապետության հիմնաքար՝ միևնույն ժամանակ անընդունելի կլիներ, որ դաշնակից պետությունները հետևեն պայմանագրի դրույթներին այն դեպքում, երբ Ռուսաստանը չի հետևում դրանց», – նշվում է հայտարարությունում։
ՆԱՏՕ-ում նաև հավելել են, որ դաշինքի երկրները մտադիր են ԵՍԶՈՒ պայմանագրին մասնակցությունը կասեցնել «այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է՝ միջազգային նորմերով իրենց իրավունքներին համապատասխան»։
«Այս որոշումը լիովին պաշտպանում են ՆԱՏՕ-ի բոլոր երկրները», – ասվում է փաստաթղթում։
Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան խորհուրդը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի երկրները «վերահաստատում են իրենց հանձնառությունը ռազմական ռիսկերի նվազեցմանը և միջադեպերն ու հակամարտությունները կանխելուն»:
Նոյեմբերի 7-ին ժամը 00:00-ին Ռուսաստանն ավարտել է ԵՍԶՈՒ պայմանագրից դուրս գալու ընթացակարգը։