Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Քիչ առաջ Բաքվի դատարանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի՝ Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Ազատազրկման առաջին 5 տարին Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրում են հեռավոր 1991 թվականին Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ, իբր, կատարած ծանր հանցագործությունների մեջ։ Արցախցու դեմ հարուցված կեղծ քրեական գործով, ըստ ադրբեջանական կողմի, տուժող է ճանաչվել 59 մարդ։ Նրանցից մի քանիսը ցուցմունքներ էին տվել նախորդ դատական նիստերի ժամանակ։
Այսօր Վագիֆ Խաչատրյանը դատարանում հանդես էր եկել վերջին խոսքով՝ ասելով.
«Ես անմեղ մարդ եմ։ Ես էնտեղ չեմ մասնակցել, չեմ եղել էնտեղ։ Ես կարող եմ ցուցմունքներ տալ, որ այդ մարդիկ ինձ այնտեղ չեն տեսել, ես էդ մարդը չեմ, որ այնտեղ լինեի»։
Նա առաջարկել է իրեն հարցաքննել նաև ստի դետեկտորով, որ պարզվի իր խոսքերի ճշմարտացիությունը։
Վագիֆ Խաչատրյանի փաստաբանը նույնպես միջնորդել էր նրան անմեղ ճանաչել։