ԱԴԾ-ն Ռուսաստանի յոթ շրջաններում դրամանենգների խոշոր հանցախումբ է հայտնաբերել
ԱԴԾ-ի աշխատակիցները հայտնաբերել են դրամանենգների խոշոր խմբավորում, որը գործել է Ռուսաստանի յոթ մարզերում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչության հանրային կապերի կենտրոնից։
Հանցախմբի անդամները տարեկան մինչև երկու միլիարդ ռուբլի արժողությամբ կեղծ փողեր են տպագրել։ Հատուկ գործողությունն իրականացրել է ՌԴ ԱԴԾ-ն` ՆԳՆ-ի հետ համատեղ։
Հանցախմբի կողմից խոշոր խմբաքանակներով արտադրվող և իրացվող կեղծ փողերը աչքի էին ընկնում բարձր որակով: 5000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամներն իրացվել են Մոսկվայում և Մոսկվայի մարզում, Պետերբուրգում, Ռոստովի, Վոլգոգրադի և Բելգորոդի մարզերում, ինչպես նաև Դաղստանում և Ղրիմում։
Ուժայինները 144 խուզարկություն են իրականացրել, որոնց ընթացքում առգրավվել է ավելի քան 20 մլն կեղծ ռուբլի: Ձերբակալվել է 24 մարդ, դատարանը նրանց ուղարկել է քննչական մեկուսարան։