Նեթանյահուն հայտնել է, թե պատերազմից հետո ում վերահսկողության տակ կլինի Գազայի հատվածը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Գազայի հատվածում Իսրայելը պետք է ունենա «անվտանգության պատասխանատվություն»։ Նեթանյահուն ABC News-ին տված հարցազրույցում նշել է, որ դա կլինի «անորոշ ժամանակով»։
«Կարծում եմ՝ Իսրայելը անորոշ ժամանակով կունենա ընդհանուր անվտանգության պատասխանատվություն, որովհետև մենք տեսանք, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք չունենք դա։ Երբ մենք չունենք այդ անվտանգության պատասխանատվությունը, արդյունքում ունենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության պոռթկում աներևակայելի մասշտաբներով», – ասել է Նեթանյահուն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից«մեծ սխալ» կլինի օկուպացնել Գազան։ Բայդենը նշել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է ոչնչացվի, սակայն Գազայի հատվածում պետք է լինի պաղեստինյան իշխանություն։
ABC News-ին տված հարցազրույցում Նեթանյահուն նաև նշել էր, որ պատրաստ է մարտերում «փոքրիկ մարտավարական դադարների», որպեսզի թույլ տա Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարում կամ այնտեղից գերիների դուրսբերում։ Սակայն Նեթանյահուն նաև շեշտել էր, որ Գազայում համընդհանուր հրադադար տեղի չի ունենա՝ առանց իսրայելցի գերիների ազատ արձակման։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո, երբ Իսրայելում սպանվեց 1400 մարդ, իսկ 240 մարդ գերեվարվեց, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային։ Այդ հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը, նրանց թվում կա 4100 երեխա։