Հակաամերիկյան պաստառներ, հարձակման փորձ ամերիկյան ռազմակայանի վրա, դիմավորման արարողության բացակայություն․ Բլինքենի թուրքական այցն անցնում է սկանդալներով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կեսգիշերին ժամանել է Թուրքիա։ Բլինքենին և նրան ուղեկցող պատվիրակությանն Անկարա տեղափոխող ինքնաթիռն Էսենբողա օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 23:58-ին:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավակայանում Բլինքենին դիմավորել են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, Արտաքին գործերի նախարարության Ամերիկայի դեպարտամենտի երկկողմ քաղաքական կապերի գծով գլխավոր տնօրեն, դեսպան Յապրաք Բալքանը, Անկարայի փոխնահանգապետ Նամըք Քեմալ Նազլին։

Ըստ Anadolu գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղարն այսօր բանակցություններ կունենա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, կքննարկեն Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային մի շարք խնդիրներ, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Բնականաբար, Թուրքիայում թուրք-ամերիկյան բանակցությունների և այցի ավարտից հետո հարկ կլինի վերլուծել պաշտոնական և ոչ պաշտոնական ողջ տեղեկատվությունը, սակայն այս պահի դրությամբ արձանագրվել է, որ Բլինքենի այցը Թուրքիա սկսվել է դիվանագիտական տհաճ միջադեպերով և ժեստերով։

Նախ՝ հատկանշական է, որ Բլինքենին թուրքական օդանավակայանում չի դիմավորել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ավելին՝ չի դիմավորել ոչ մի բարձրաստիճան թուրք պաշտոնյա՝ խախտելով ընդունված արարողակարգը։

Թուրքական ԶԼՄ-ները նաև ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ Բլինքենին վերոնշյալ դիվանագետներն օդանավակայանում դիմավորել են լիակատար մթության մեջ, ինչը ևս դիվանագիտական որոշակի ժեստ է որակվում։

Իսկ այսօր նաև հայտնի դարձավ, որ Թուրքիայի հարավում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներխուժել Ինջիռլիքում տեղակայված ամերիկյան ռազմակայան։ Թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդմամբ, ցուցարարները քննադատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները Գազայի հատվածում և պաշտոնական Անկարայից պահանջել փակել ավիաբազան։

Ըստ հաղորդումների՝ ցույցին մասնակցել են ոչ միայն ռազմակայանից ոչ հեռու գտնվող Ադանայի, այլև Ստամբուլի ու այլ քաղաքների բնակիչներ։ Ոստիկանությունը ստիպված է եղել փակել դեպի ռազմաբազա տանող ճանապարհները։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Թուրքիա այցի նախօրեին Անկարայի փողոցներում պաստառներ են հայտնվել՝ ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչ Աբու Ուբեյդայի պատկերով և «Բլինքենը մանկասպան է» մակագրությամբ։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Բլինքենի այցը Թուրքիա նրա ավելի լայն տարածաշրջանային մերձավորարևելյան այցի մի մասն է, որը պայմանավորված է Իսրայել-ՀԱՄԱՍ հոկտեմբերի 7-ին բռնկված պատերազմով։ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուրբաթ օրն այցելել է Իսրայել՝ վերահաստատելով ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին «Համաս»-ի դեմ պայքարում, ինչպես նաև քննարկելով Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը և հումանիտար օգնության տրամադրելու հարցերը։ Իսրայելից Բլինքենը մեկնել է Հորդանան։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախապես չհայտարարված այցով կիրակի օրը ժամանել էր Արևմտյան ափի դե ֆակտո մայրաքաղաք Ռամալլա՝ բանակցելու պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Հանդիպումը մեկ ժամ էր տևել։ Նրանք մամուլի համար հայտարարություններ չեն արել։ Պաղեստինի առաջնորդի խոսնակի փոխանցմամբ՝ Մահմուդ Աբասն ասել է, որ Գազայի հատվածում պետք է անհապաղ հրադադար հաստատվի ու թույլատրվի մարդասիրական օգնության մուտքը։ Հանդիպման մասին Պետդեպարտամենտի խոսակ Մեթյու Միլլերի արձանագրությունում ասվում է, որ Բլինքենը հայտնել է ԱՄՆ-ի հանձնառությունը Գազայի հատվածին օգնություն տրամադրելու և հիմնական ծառայությունները վերականգնելու համար։ Սա հոկտեմբերի 7-ից հետո Բլինքենի երկրորդ այցն է Մերձավոր Արևելք։

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հոկտեմբերի 7-ից հետո իրենց բոլոր հայտարարություններով, որոնք հնչել են Իսրայելի կազմակերպած մեծ գործողություններից հետո, հստակ աջակցություն են հայտնել Իսրայելին, հասկացրել, որ հակված չեն փոխել իրենց դիրքորոշումն անկախ Իսրայելի գործողություններից և նաև հակված չեն, որպեսզի ռեգիոնում հրադադար հաստատվի, այլ կողմ են պատերազմին ու նոր զոհերին։

Այս դիրքորոշումը, նրա խոսքով, մեծ խնդիր է դարձել Միացյալ Նահանգների համար, քանի որ ոչ միայն ԱՄՆ-ի ներսում ակցիաների միջոցով, այլև ամբողջ աշխարհում, բնականաբար, առավելապես Մերձավոր Արևելքում, լուրջ արշավ է սկսվել ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ, բոլորը, բացի այս երկու երկրներից, հրադադարի կոչ են անում։

Նրա խոսքով, Չինաստանն ու  Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել և քննարկել հակամարտության գոտու խնդիրները։

«Ինչպես նույնիսկ ամերիկյան ԶԼՄ-ներն են արդեն արձանագրում, Միացյալ Նահանգները հայտնվել է անելանելի, փակուղային իրավիճակում, որից փորձում է ելքեր գտնել, սակայն չի փորձում գնալ ամենակարճ ճանապարհով՝ հաստատել հրադադար։ Բնականաբար, սա օրեցօր խորացնում է հակամերիկյան և հակաիսրայելյան տրամադրությունները։ Սա է պատճառը, որ կայացավ Բլինքենի մերձավորարևելյան երկրորդ տուրնեն, որը կարծես կրկին անցնում է նույն դիրքորոշումների արտահայտմամբ։ Թուրքիայի դիրքորոշումն ի սկզբանե հայտնի է բոլորին, այս մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում բազմաթիվ բողոքի ակցիաներ են եղել ընդդեմ Իսրայելի, ու կանխատեսելի էր, որ առանց միջադեպերի չէր կարող անցնել այս այցը։ Պարզապես անակնկալն այն էր, որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով վերաբերմունք ցույց տվեց՝ չդիմավորելով Բլինքենին, ինչպես հարկն է, չկանխելով ակցիաները, պաստառները, ռազմազաբայի նկատմամբ ոտնձգությունը։ Սա առանց իշխանության չէր կարող տեղի ունենալ։ Սա նշանակում է, որ Թուրքիան պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մերձավորարևելյան զարգացումների շուրջ»,- ասաց մեր զրուցակիցը։

Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ այս ամենը նաև ՀՀ-ի համար որոշ եզրահանգումներ անելու բաղադրիչ ունի։ «Նախ՝ ընդհանուր դիտարկումն այն է, որ իրավիճակը փոփոխական է, տեսեք, թե ԱՄՆ-ի դեմ ինչ համախմբում է տեղի ունենում Իսրայելի Գազայի հատվածում գործողություններից հետո։ Թուրքիայի դիվանագիտությունը ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ռուսաստանի հարցում կայուն ու վստահելի չէ, սակայն Թուրքիան այս փուլում ավելի ակտիվ դիրքավորված է ռեգիոնալ հարթակներում հակաարևմտյան կոալիցիայի շրջանակում, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր։

Մեկ այլ եզրակացությունն այն է, որ ներկայիս աշխարհակարգում բանաձևեր գոյություն չունեն, երկիրը կարող է ունենալ հզոր դաշնակից՝ ԱՄՆ-ի տեսքով, բայց աշխարհում չունենա աջակցություն և անընդհատ գտնվի պատերազմական իրավիճակում, կարող է լինել նաև հակառակը։ Իսրայելի դաժան գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ շրջվեցին ԱՄՆ-ի դեմ։ Հայաստանի համար սա նշանակում է, որ պետք է տարածաշրջանային խաղացողների վրա կենտրոնանալ, քանի որ Արևմուտքը կարող է պարզապես անգործունակ դառնալ ռեգիոնում՝ ոչ միայն իր խնդիրների, այլև հակաարևմտյան ալիքի խորացման պատճառով»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նա վերահաստատեց իր այն միտքը, որ գործընթացները փոխկապակցված են, փոփոխական։ «Խորացող առճակատման պայմաններում խաղադրույքներ անել միայն Արևմուտքի վրա՝ սխալ է։ Տեսնում ենք, որ փոխվել է նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որը հրաժարվել է մեկնել Բրյուսել, տեսնում ենք Իրանի կտրուկ հայտարարություններն ԱՄՆ-ի դեմ, գուցե առաջիկայում ԱՄՆ-ը ժամանակ ու ռեսուրս չունենա Հարավային Կովկասի համար, որը նշանակում է, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքական հաշվարկներն արագորեն պետք է փոփոխի»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Տեսանյութեր

Լրահոս