Մերձավորարևելյան հակամարտության հետագա էսկալացման դեպքում համաշխարհային տնտեսության կորուստները կհասնեն 2 տրիլիոն դոլարի. NYT
Պաղեստինաիսրայելական հակամարտության հետագա էսկալացման դեպքում համաշխարհային տնտեսության կորուստները կարող են կազմել 2 տրիլիոն դոլար։ Նման կարծիք է The New York Times-ին (NYT) հայտնել Ernst & Young խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկի գլխավոր տնտեսագետ Գրեգորի Դակոն։
Փորձագետի խոսքով` Մերձավոր Արևելքում «ռազմական գործողությունների ընդլայնման վատթարագույն սցենարի» դեպքում կարող է սկսվել չափավոր ռեցեսիա, իսկ նավթի գները, հավանաբար, կբարձրանան մինչև 150 դոլար մեկ բարելի դիմաց:
«Նման սցենարի համաշխարհային տնտեսական հետևանքները շատ լուրջ են», – ասել է Դակոն:
Իր հերթին, Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետի տեղակալ Այհան Քոսեն հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ էներգետիկ շուկայի համար այն, ինչ «տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, չի մնա Մերձավոր Արևելքում», այլ «կունենա գլոբալ հետևանքներ»։ Ըստ Կոլումբիայի համալսարանի գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի տնօրեն Ջեյսոն Բորդոֆի՝ տնտեսական իրադրությունն «անկայուն է, անորոշ և վախեցնող», երկրների մեծ մասը, ներառյալ՝ ԱՄՆ-ն, Եվրոպան, Իրանը և Պարսից ծոցի երկրները, շահագրգռված չեն հակամարտության ծավալմամբ։
«Սա առաջին դեպքն է, երբ մենք գործ ունենք միաժամանակ երկու էներգետիկ ցնցումների հետ», – նշել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Ինդերմիտ Գիլը՝ նկատի ունենալով Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտության հետևանքները։ Բացի այդ, ինչպես նշված է հոդվածում, համաշխարհային տնտեսության վիճակի վրա դեռևս ազդում է համավարակը, որից ոչ բոլոր երկրներն են հասցրել վերականգնվել։
«Մենք գտնվում ենք տնտեսության զարգացման ամենաանկայուն փուլերից մեկում», – հավելել է Գիլը:
Մերձավոր Արևելքում էսկալացման դեպքում էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաև այլ ճյուղերում, շարունակում է պարբերականը։ Ըստ The New York Times-ի՝ էներգակիրների գների աճը կբարձրացնի սննդամթերքի արտադրության արժեքը և կնվազեցնի տնային տնտեսությունների գնողունակությունը, ինչի պատճառով պարենային անվտանգության խնդիրներ կառաջանան զարգացող երկրներում, օրինակ` Եգիպտոսում, Պակիստանում և Շրի Լանկայում: Իսկ Եվրոպայի զարգացած երկրների առջև կծառանա Մերձավոր Արևելքից միգրանտների նոր ալիքի խնդիրը։ Բացի այդ, նավթի համաշխարհային մատակարարումների անկումը կխթանի գնաճը և միևնույն ժամանակ կդանդաղեցնի տնտեսական աճը: