«Այդքան ահռելի գումար էլ չէ». Պարույր Հովհաննիսյանի արձագանքը, թե ինչու Ադրբեջանի կողմից օկուպացված նախկին 150 քկմ տարածքը դարձավ 200
Այսօր խորհրդարանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե իրեն հայտնի է, որ Հայաստանից 200 քկմ տարածք գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ՝ չներկայացնելով այլ մանրամասներ։
Արարատ Միրզոյանը 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումից անմիջապես հետո հեռացավ ԱԺ-ից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, ուստի խորհրդարանի միջանցքում լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին, մասնավորապես՝ իրեն ինչ է հայտնի, թե Հայաստանից քանի քառակուսի կիլոմետր է գտնվում Ադրբեջանի հսկողության տակ: Փոխնախարարն ասաց՝ թվերը ճշգրտված չեն, միշտ էլ մոտավոր են խոսում դրա վերաբերյալ։
«Ես որևէ նոր տվյալի մասին չեմ լսել»,- նշեց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ այդ թիվն այդքան փոքր թիվ չէ, որ նախկինում խոսում էին 150 քկմ տարածքի մասին, իսկ հիմա միանգամից 50 քկմ-ով ավելացավ, Պարույր Հովհաննիսյանն հակադարձեց.
«Այդքան ահռելի գումար էլ չէ»։
Խոսելով ՌԴ կառավարության կողմից Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու նախագծի հաստատման և դրա հետ կապված մեսիջների մասին, ԱԳ փոխնախարարն ասաց, որ բոլոր երկրների մեսիջները նույնն են՝ ներկայացված լինել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ։
«Երկրները հյուպատոսություններ բացում են՝ հաշվի առնելով համայնք, տնտեսական, քաղաքական շահեր, այսինքն՝ նույն հանգամանքներն են, ինչ Իրանի դեպքում, Ֆրանսիան է հայտարարել դրա մասին։ Կարծում եմ՝ այլ երկրներից էլ կլինի նույն ձևով ուշադրության աճ։
Կրկնեմ՝ գլխավոր հյուպատոսության հիմնումը նաև քաղաքական կոմպոնենտ է պարունակում, բայց խոսքն այստեղ ապակենտրոնացված համագործակցության, տնտեսական շահերի, համապատասխան էներգետիկ, տրանսպորտային և այլ համագործակցության մասին է։ Եթե քաղաքական կոմպոնենտը կա, ապա նշանակում է, որ կա հետաքրքրվածություն այս կամ այն տարածաշրջանի նկատմամբ՝ իր բոլոր հետևանքներով։ Դա հետաքրքրության նշան է»,- շեշտեց փոխնախարարը։
Մեկ այլ հարցի, եթե ՌԴ գլխավոր հյուպատոսությունը Գյումրիում է, ինչո՞ւ է տեղափոխվում Կապան, ԱԳ փոխնախարարը պատասխանեց՝ չի տեղափոխվում, սա լրացուցիչ քայլ է, բնական պայմաններով ներկայությունն է Ռուսաստանի։
«Գլխավոր կարող են լինել մի քանի հյուպատոսություններ, դա որևէ կապ չունի, կարող է լինել գլխավոր հյուպատոսություն, կարող է լինել ուղղակի հյուպատոսություն և հյուպատոսական գործակալություն»,- ընդգծեց նա։
Ճշտող հարցին՝ ինչպե՞ս հասկանալ, մի կողմից՝ Հայաստանը դժգոհում է ՌԴ-ից, նրան անուղղակի մեղադրելով նույնիսկ Հայաստանում իշխանափոխության փորձեր անելու մեջ, մյուս կողմից՝ հյուպատոսություն բացելու համաձայնություն է տալիս, հակասություններ չկա՞ն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, Պ. Հովհաննիսյանը պատասխանեց.
«Չեմ կարծում՝ տարաձայնություններ ունենք այլ երկրների հետ ևս, Եվրամիությունից շատ դժգոհ ենք վիզաների իրավիճակով և հայտնում ենք, եղել է խիստ դժգոհություն վիզաների հետ կապված։ Սակայն սա չի նշանակում, որ մեր հարաբերությունները Եվրամիության հետ գտնվում են ճգնաժամային իրավիճակում»,- ընդգծեց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ՌԴ-ն արձագանքել է ՀՀ նոր դեսպան նշանակելու վերաբերյալ դիմումին, Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ տեղեկություններ չունի, դա միշտ կոնֆիդենցիալ գործընթաց է, եթե նույնիսկ իմանար էլ, ապա հնարավորություն չէր ունենա ասելու։