«Դրանք դատարկ խոսքեր են. նրանք նաև շարունակում են իրենց աջակցությունն Ադրբեջանին». Ստեփան Դանիելյանը՝ ԱՄՆ Պետդեպի «վճռական աջակցության» մասին

ԱՄՆ Պետքարտուղարությունը վերահաստատել է իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Լեմկինի ինստիտուտի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին օրերս հնչեցրած մտահոգության հետ:

Արդյո՞ք այս վճռականությունը կունենա գործուն հետևանք, թե՞ կմնա հայտարարությունների մակարդակում՝ 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ ԱՄՆ-ից պետք  չէ սպասել գործողություններ:

«Եթե գործողություններ լինեին, Արցախի դատարկման ժամանակ կլինեին, Հայաստանի տարածքը գրավելու ժամանակ կլինեին: Դրանք դատարկ խոսքեր են. նրանք նաև շարունակում են իրենց աջակցությունն Ադրբեջանին, որտեղ ունեն մեծ շահեր,- հավելեց նա, ապա այս համատեքստում անդրադարձավ ԱՄՆ հնարավորություններին,- Մենք տեսնում ենք Իսրայելը, որը Միջերկրական ծովի ափին է, Միացյալ Նահանգների դաշնակիցն է, սակայն նույն Իսրայելին պաշտպանելու հարցով ԱՄՆ-ում տարբեր կարծիքներ կան՝ Սենատում, Կոնգրեսում: Նաև՝ Իսրայելին օգնություն տրամադրելն է այնտեղ խնդիր: Այնպես որ, եթե իրենք Իսրայելում չեն կարողանում վճռական դեր կատարել և ինչ-որ առումով վախենում են, որ կարող է վերահսկողությունից դուրս գալ, ու իրենց հեղինակությունը տապալվի, ապա Հարավային Կովկասում՝ առավել ևս, որևէ լուրջ քայլ իրենք ի վիճակի չեն անել՝ նույնիսկ ցանկության դեպքում»:

Հիշեցնենք՝ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր կարմիր դրոշի ահազանգ և խորը մտահոգություն հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին:

Կարդացեք նաև

Պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը շեշտել է՝ Հայաստանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների»: Պետքարտուղարության մեկնաբանության մեջ ասված է.

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը, և շարունակաբար հետևում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»,- նշել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը:

Տեսանյութեր

Լրահոս