Բաժիններ՝

Պատուհանից բացվող տեսարանը

Հիվանդասենյակում երկու ծանր հիվանդ էր պառկած: Նրանցից մեկը պառկած էր պատուհանի մոտ, մյուսը՝ դռան:

– Պատուհանից ի՞նչ է երևում,- մի անգամ հարցրեց դռան մոտ պառկածը:

– Օ՜հ,- աշխուժացավ նրա հարևանը,- ես տեսնում եմ երկինքը, կենդանիներ հիշեցնող ամպերը, մի լճակ ու անտառը հեռվում…

Ամեն օր պատուհանի մոտ պառկածն իր հարևանին պատմում էր, թե ինչ է կատարվում պատուհանից այն կողմ:

Կարդացեք նաև

Նա նավակ էր տեսնում, մեծ ձուկ բռնած ձկնորսների, լճափին խաղացող երեխաների, պատանի սիրահարների՝ ձեռք ձեռքի տված ու փայլուն աչքերով միմյանց նայող:

Իսկ նրա հարևանին այդ ընթացքում տանջում էր չար նախանձը: «Արդարացի չէ,- մտածում էր նա,- այդ ո՞ր արժանիքների համար են նրան պատուհանի մոտ պառկեցրել, որ գեղեցիկ տեսարաններով զմայլվի, իսկ ես միայն գունաթափ դուռն եմ տեսնում»:

Մի անգամ պատուհանի մոտ պառկած հիվանդը սկսեց սաստիկ հազալ ու խեղդվել: Նա փորձում էր ձգվել դեպի բուժքրոջը կանչելու կոճակը, բայց չէր կարողանում հասնել, քանի որ ցնցվում էր սաստիկ հազից: Հարևանը հետևում էր այս ամենին: Նա հանգիստ կարող էր սեղմել կոճակը, բայց չարեց:

Որոշ ժամանակ անց առաջինը լռեց ու նրա մարմինը ձգվեց անկողնու վրա:

Երբ նրան տարան, հարևանը բուժքրոջը խնդրեց իրեն տեղափոխել պատուհանի մոտ: Բուժքույրը նրա խնդրանքը կատարեց: Նրա անկողինը տեղափոխեց մյուս մահճակալի վրա, օգնեց հիվանդին տեղափոխվել և երբ համոզվեց, որ ամեն ինչ կարգին է, ուղղվեց դեպի դուռը, բայց նրան կանգնեցրեց հիվանդի զարմացած բացականչությունը.

– Ինչպե՜ս: Այս պատուհանը մռայլ պատին է նայում: Բայց մեռնողը պատմում էր ինձ, որ անտառ է տեսնում, լիճ, ամպեր մարդկանց… Նա ինչպե՞ս կարող էր այդ ամենը տեսնել այս պատուհանից:

Բուժքույրը թախիծով ժպտաց.

– Նա ընդհանրապես չէր կարող ոչինչ տեսնել, Ձեր հանգուցյալ հարևանը կույր էր:

– Այդ դեպքում ինչո՞ւ էր… Ինչո՞ւ էր այդ ամենը պատմում ինձ:

– Երևի ուղղակի ցանկանում էր մի փոքր քաջալերել Ձեզ…

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս