
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս կօգտվեն զեղչերից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար կկարողանան օգտվել էական զեղչային համակարգից։
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հոկտեմբերի 27-ին կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Ընդառաջ գնալով մեր հայրենակիցներին՝ ԱՊՊԱ պայմանագրի մասով դեռևս երկու շաբաթ առաջ սկսել ենք քննարկումները Կենտրոնական բանկի, ապահովագրական ընկերությունների և ավոտապահովագրողների բյուրոյի հետ, հասկանալու համար, թե ինչպիսի լրացուցիչ դրական երաշխիքներ է կարելի տրամադրել, որպեսզի նրանց բերենք երթևեկության օրինական դաշտ և ապահովենք հավասարության սկզբունքը երթևեկության բոլոր մասնակիցների համար։ Ի վերջո, ունեցել ենք կոնսենսուս և որոշում բյուրոյի կողմից, որ մեր հայրենակիցները էական զեղչային համակարգից կկարողանան օգտվել ԱՊՊԱ պայմանագիր կնքելու շրջանակներում»,-մանրամասնել է Սարգսյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին կլուծվեն տրանսպորտային միջոցների ու պետհամարանիշների նույնականացման խնդիրները, որից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կկարողանան հայտ ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար և համակարգն ինքնաշխատ կերպով համապատասխան զեղչային առաջարկը կներկայացնի։