Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ճանապարհները Ադրբեջանի, Թուրքիայի հետ բացվեն. նոր Հոկտեմբերի 27-ը չեմ բացառում. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուց ու ճանապարհները բացելուց հետո Հայաստանը տնտեսական մեծ աճ է ունենալու։
«Հայաստանը չի կարող իրեն դուրս դնել տարածքաշրջանի տնտեսական, առևտրային հարաբերություններից, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ճանապարհները բոլոր՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ բացվեն։ Ես ձեզ խոստանում եմ՝ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը, եթե հիմա 12-14 տոկոս ենք ունենում, ապա այդ ժամանակ կրկնապատիկ, եռապատիկ աճ է ունենալու, և դա մեր համաքաղաքացիները տեսնելու են։ Էլ չեմ ասում, որ վերջապես խաղաղություն ենք ունենալու, ունենալու ենք խաղաղ երկիր»,- ԱԺ բակում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
Ըստ նրա՝ պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, արվում է հայելային մոտեցմամբ։
«Իրենք ասում են, որ դուք 30 տարի մեր երկիրը գրավել եք և 30 տարի պահել եք օկուպացիայի տակ։ Կրկնում եմ՝ իրենց գործողությունները հայելային են»,- Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններն այսպես մեկնաբանեց Ալեն Սիմոնյանը։
Օրվա խորհրդին և Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտմանն անդրադառնալով էլ Ալեն Սիմոնյանն ասաց, որ 1999 թվականից շատ ժամանակ է անցել, հետևաբար՝ ժամանակային բարդություններ կան, սակայն վստահ է, որ բոլորն էլ գիտեն, թե այդ ամենն ովքեր են դրդել ու ովքեր են պատճառ եղել։
«Հիմա ինձ իրավունք չեմ վերապահի դա ասելու, պաշտոնիս բերումով դա մեղադրանք կհնչի, բայց թե Մարտի 1-ի, և թե Հոկտեմբերի 27-ի պարագայում մենք բոլոր դերակատարներին գիտենք, մնում է այդ փաստն արձանագրվի և համապատասխան պատիժ լինի։
Իմ տեղեկություններով՝ բավականին բարդ է, 24 տարի է անցել, բայց կասկած չկա, որ կբացահայտվի»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝ երբ ասում է՝ բոլորն էլ գիտեն, ո՞ւմ նկատի ունի, նախկին նախագահների՞ն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ չի ցանկանում ասել ու ազդեցություն ունենալ քննության վրա։
Հաջորդ հարցին, թե՝ ի՞նչ դասեր պետք է քաղել Հոկտեմբերի 27-ից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ շատ դասեր կան քաղելու, և կարծում է՝ այդ դասերը քաղել են, քանի որ նոյեմբերի 9-ից հետո այն, ինչ տեղի ունեցավ, և հետագա զարգացումները, դա նաև այդ դասերի շնորհիվ է, որ գիտակցում են ու ամենակտրուկ պահերին համախմբվում են։
«Ինչ վերաբերում է հարցին՝ նոր Հոկտեմբերի 27-ի վտանգ տեսնելուն, ապա, այո, տեսնում եմ»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։