Ատոմակայանը փակվելու է՝ Ադրբեջանից գազ ստանալու դեպքում. Աբրահամ Գասպարյան
1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրագործման նպատակը մեր այսօրվա ներկան էր։ Հոկտեմբեր 27-ի շարունակությունն Արցախյան 44-օրյա պատերազմն էր, ապա՝ Արցախի ամբողջական հանձնումն Ադրբեջանին, ինչն ամբողջությամբ տեղավորվում է թուրք-ադրբեջական տանդեմի գլխավոր նպատակի՝ մեր տարածաշրջանում նոր քարտեզագրման համատեքստում։
168 TV-ի «Ռեվյու» հաղրոդաշարի եթերում, խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության և Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկի» նպատակների համադրման մասին, նման տեսակետ հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
««Խաղաղության խաչմերուկ» ասվածն ընդամենը փաթեթավորում է։ Գետնի վրա, եթե կա մի քարտեզ, որտեղ չկա Արցախ, ապա դա կեղծ քարտեզ է և կապ չունի հայկական իրականության հետ։ «Խաղաղության խաչմերուկ» ասվածի մասին պատմող թուղթն անիրատեսական թուղթ է, որտեղ իշխող ուժի գլխավոր ներկայացուցիչը փորձում է համոզել, թե 12 կետով դռներ բացելով Հայաստանի հարևան և թշնամի պետությունների հետ, Հայաստանը զարգանալու է։ Իրականում, սակայն, հարց է, թե նման ենթակառուցվածքներ ստեղծելու համար ո՞վ է փող տալու Հայաստանին, բացի այդ, չկա որևէ տնտեսական հաշվարկ, ըստ որի՝ այդ խաչմերուկը բխում է Հայաստանի տնտեսական շահերից։ Այդ խաչմերուկ ասվածն իրական քաղաքականության հետ որևէ աղերս չունի»,- ասաց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ երբ Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը, իսկ դա ապացուցող փաստն ադրբեջանական զորքն է Հայաստանում, ինքնիշխանության մասին կոկորդ պատռողները չեն էլ համարձակվում թշնամուն դուրս վռնդել մեր երկրից, խաղաղության խաչմերուկի մասին անիմաստ է խոսել, որը մեր տարածաշրջանի իրական քաղաքական գործընթացների հետ կապ չունի։
«Խաղաղության աղավնի՞ է ուզում դառնալ, քավ լիցի, կարող է այդպիսին դառնալ, բայց ամեն ինչ հանձնելով»,- ասաց Գասպարյանը՝ ընդգծելով՝ առաջնայինը Հայաստանի պետականությունը պահպանելն ու Արցախի հարցը չփակելն է, ինչը, սակայն, չի անում օրվա իշխանությունը, որն իրեն դրել է Ռեմբոյի տեղ և փորձում է գնալ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության՝ չգիտակցելով դրա ծանր հետևանքները Հայաստանի համար։
«Նա (Փաշինյանը.- Ա.Ս.) Ռեմբոյի տեղ է դրել իրեն իր զոմբիլենդի մոտ, բայց ոչ Պուտինի, ոչ Բայդենի, ոչ Միշելի կամ Իրանի հոգևոր առաջնորդի մոտ Ռեմբո խաղալ չի կարող։ Թող գնա գլուխը պատին տա, եթե իմ երկրի հաշվին պետք է Ռեմբո խաղա»,- ասաց Գասպարյանը։
Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման մասին հայտարարություններին զուգահեռ ՔՊ-ականների պատրաստակամությանը՝ Ադրբեջանից գազ գնելու վերաբերյալ, Աբրահամ Գասպարյանը շեշտեց.
«Եթե Ադրբեջանից գազ ստացաք, 5 տարի հետո ատոմակայանը փակվելու է, և Հայաստանը կախվածության մեջ է լինելու Թուրքիայից»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։