Փաշինյանը հայտարարությամբ արձանագրում է՝ Հայաստանն արցախցիների քաղաքացիությունը չի ճանաչում՝ անկախ նրանից, որ նրանք կրում են ՀՀ անձնագիր. Ռաֆայել Մարտիրոսյան

Երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ։

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ահազանգեր եմ ստացել, որոնց հիմքն իրենց կարգավիճակով պայմանավորված՝ սոցիալական, աշխատանքային խնդիրների առաջացումն է»: Պատգամավորի այս հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կառավարության այսօրվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։

«Այս որոշման նախագիծը մենք բազմիցս քննարկել ենք լայն ֆորմատով, մեզ համար կարևոր է եղել հանգել մի որոշման, որն առավելագույնս հնարավորություն կտա ԼՂ-ի մեր քույրերի և եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանել։ Մենք դա անում ենք արձանագրելու համար ԼՂ-ից բռնի տեղահանվածների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և տեղական, և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանվեն»։

Փաշինյանը նաև վստահեցրեց՝ որոշումն ընդունելուց հետո ԼՂ-ից տեղահանվածները նաև հնարավորություն կունենան դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Կարդացեք նաև

Ի՞նչ կարգավիճակ պետք է տրվի արցախահայությանը, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացն ինչպե՞ս պետք է տեղի ունենա, երբ արցախահայերը համարվում են ՀՀ քաղաքացիներ։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Ռաֆայել Մարտիրոսյանը պատասխանելով այդ հարցերին՝ նախ ասաց՝ Քաղաքացիության մասին օրենքի համաձայն՝ տրված է Արցախի բնակիչներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիություն շնորհելու ուղիները, սակայն այնտեղ որոշակիացված չէ, թե կոնկրետ ազգությամբ հայերը կամ քաղաքացիություն չունեցող անձինք ինչ կարգով պետք է ստանան քաղաքացիություն։

«Այդ նորմատիվ իրավական ակտում փոփոխության ենթակա պայմաններ եմ տեսնում։

Ինչ վերաբերում է քաղաքացի լինելու հասկացությանը, ապա միայն անձնագիրը բավարար չէ քաղաքացի ճանաչելու համար, դրա հիմքում կան բավականին պայմաններ, որոնք ամբողջացնում են քաղաքացի լինելու իրավական հատկությունը։   Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ արցախահայերը պետք է ստանան քաղաքացիություն, դրանով արձանագրում է, որ Հայաստանը արցախցիների քաղաքացիությունը չի ճանաչում՝ անկախ այն հանգամանքից, որ արցախցիները կրում են ՀՀ անձնագիր»,- նշեց Ռաֆայել Մարտիրոսյանը։

Ռաֆայել Մարտիրոսյանն ասաց նաև, որ բռնի տեղահանված արցախահայերին կարգավիճակ տալու մտադրության հարցում հեռանկարային միտումներ է տեսնում՝ Արցախ վերադառնալու հետ կապված։

«Փախստականի և ապաստանի մասին օրենքում փախստականի կարգավիճակը դադարում է, և տվյալ քաղաքացին վերադառնում է իր հայրենիք։ Իսկ այստեղ բավականին շատ պայմաններ կան, ամեն դեպքում վերադառնալու համար անհրաժեշտ է, որ տվյալ պետությունը երաշխավորի տվյալ քաղաքացու իրավունքները։ Մենք այդ երաշխավորումը տեսնում ենք միջազգային խաղաղարար ուժերի տեղակայմամբ, առանց որի անհնարին է այդ ամենը։ Փախստականի կարգավիճակն առավելապես սոցիալական խնդիրների լուծման հնարավորություններ է ստեղծում, քանի որ փախստականի կարգավիճակը ենթադրում է, որ փախստականը գտնվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո, և նա վերահսկում է փախստականի կոնվենցիայով սահմանված իրավունքները։ Ահա թե ինչն է պատաճառը, որ նախընտրում ենք, որպեսզի արցախցիներին տան փախստականի կարգավիճակ, քան քաղաքացիություն»,- հավելեց փաստաբանը։

Ըստ նրա, փախստականի կարգավիճակ ստանալը հայրենիքի շահերից բխող քայլ է, և պետք է այդ քայլն անեն։

«Այս ամենը մեծ ու երկարատև աշխատանք է պահանջում, բայց այստեղ էլ այլ հարց է, թե ՀՀ քաղաքական իշխանությունները արդյո՞ք հետամուտ կլինի փախստականի և ապաստանի մասին օրենքի դրույթների կատարմանը, սա այլ քննարկելու հարց է»,- եզրափակեց Ռաֆայել Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս