Որոշ ժամանակ անց արցախահայերը կարող են դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Փաշինյան

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ահազանգեր եմ ստացել, որոնց հիմքը իրենց կարգավիճակով պայմանավորված՝ սոցիալական, աշխատանքային խնդիրների առաջացումն է։ Այս մասին կառավարության հետ հարցուպատախանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ խնդիրն այն է, թե Արցախի Հանրապետության մեր քաղաքացիներն ինչպիսի կարգավիճակ ունեն, որովհետև դրանից է կախված, օրինակ, պետական և համայնքային ծառայությունների ռեզերվներում իրենց գրանցման կամ գրանցված լինելու հանգամանքը, պետական ծառայության մրցույթներին մասնակցությունը կամ սոցիալական աջակցության մասով սահմանված իրավունքներից օգտվելու հնարավորությունները, օրինակ, թե ինչպես է լուծվելու կենսաթոշակային իրենց իրավունքի իրացման հարցը։

Ի պատասխան Ավետիսյանի հարցի՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։

«Այս որոշման նախագիծը մենք բազմիցս քննարկել ենք լայն ֆորմատով, մեզ համար կարևոր է եղել հանգել մի որոշման, որը առավելագույնս հնարավորություն կտա ԼՂ-ի մեր քույրերին և եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանել։ Մենք դա անում ենք արձանագրելու համար ԼՂ-ից բռնի տեղահանվածների փաստական լինելու հանգամանքը, որպեսզի և տեղական, և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանվեն»։

Ըստ Փաշինյանի՝ որոշումն ընդունելուց հետո ԼՂ-ից տեղահանվածները նաև հնարավորություն կունենան դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս