Էդ մարդը Կառավարության ծրագրից է հրաժարվել, իր բոլոր բառերից է հրաժարվել. Տաթևիկ Հայրապետյան
Երևանում ընթացող «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի շրջանակներում, պատասխանելով 168.am-ի հարցադրումներին, ԱԺ նախկին իշխանական պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը շեշտեց՝ այսօր իրավիճակն առավել բարդ է, քան 2-3 տարի առաջ:
«3 տարի առաջ, երբ Ադրբեջանը սկսում էր ագրեսիա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, և հետո բազմաթիվ զոհողությունների գնով մեզ հաջողվեց պահել ԼՂԻՄ-ի մի հատվածը, նաև ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, հայերը վերադարձան, ակնհայտ էր, որ Ադրբեջանը գնալու է հայաթափման քաղաքականության:
Եվ, ցավալիորեն, այդ ընթացքում, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմում է ՄԱԿ-ի Արդարադատության դատարան՝ արդարացիորեն մեղադրելով Ադրբեջանին ռասիստական պետություն լինելու և հայ ժողովրդի դեմ պետական մակարդակով ատելություն քարոզելու մեջ, այդ նույն ընթացքում Նիկոլ Փաշինյանը գնում ու քաղաքական առումով ճանաչում է ԼՂ-ն՝ Ադրբեջանի մաս: Այս երկու գործընթացները տրամաբանորեն հակասում են իրար»,- մանրամասնեց նա:
Ադրբեջանագետը հավելեց՝ Ադրբեջանը օգտվելով այս գործընթացներից՝ սանձազերծեց հերթական ագրեսիան ԼՂ նկատմամբ, որի հետևանքով ԼՂ հայերը բռնի տեղահանվեցին:
Մեր դիտարկմանը, թե Փաշինյանն այս առնչությամբ պատմությանն անհայտ «պատմական նոր տվյալներ էր հայտնաբերել»՝ նշելով, թե սա առաջին դեպքը չէ, երբ հայերը լքում են Արցախը, Տաթևիկ Հայրապետյանն արձագանքեց դիտարկմամբ, որ չի ցանկանում մեկնաբանել մի մարդու հայտարարություն, որի քաղաքականությունը ձախողված է, և որը բազմաթիվ փաստերի պարագայում անգամ ունակ չէ իր որևէ սխալն ընդունել:
«Եթե մարդն ունակ չէ հասկանալ, որ իր քաղաքականությունը մարդկային նոր ողբերգությունների պատճառ է դառնում, ինչի՞ն արձագանքես։ Այդ մարդն իր կառավարության ծրագրից է հրաժարվել, նախընտրական ծրագրից է հրաժարվել, իր բոլոր բառերից է հրաժարվել»,- նկատեց նա:
Քանի որ այսօր «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա ժամանակի սղության պատճառով, մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք քաղաքականության մեջ «ժամանակի սղությունը» կարող է համարվել պատճառ:
Ի պատասխան՝ նա նշեց. «Ես կարծում եմ՝ պարոն Կլաարը ելնում էր իրենց կուլիսային քննարկումներից, որոնց չենք տիրապետում, բայց, դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից, պաշտոնական խոսնակների հայտարարություններից՝ կարող եմ ասել, որ Արցախը հայերից դատարկելուց հետո Ադրբեջանը մեծ շահագրգռվածություն չունի շարունակելու Արևմտյան ձևաչափով քննարկումը»:
Ադրբեջանագետը դա պայմանավորեց հանգամանքով, որ արևմտյան ձևաչափի վերջնարդյունքը ենթադրում է ինչ-որ թղթի ստորագրում, իսկ Ադրբեջանի ղեկավարը որևէ կերպ չի ուզում իրեն սահմանափակել թղթերով:
Մանրամասները՝ տեսանյութում