Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքը. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։
Մարուքյանը X-ի իր էջում հերթական անգամ նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ֆարսի ժանրից և ծաղր է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ։
«Ինչպես ես նախկինում հայտարարել էի, Ադրբեջանում բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, իրենցից ֆարսի ժանր և ծաղր են ներկայացնում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ, հանդիսանում են բոլոր համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի խախտում այն պարտականությունների համատեքստում, որոնք Ադրբեջանը իր վրա վերցրել է։
Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալայի դեպքերին և ներողություն է խնդրել հայերենով, բառացիորեն ասելով, որ ինքն այնտեղ չի եղել։ «Ես այնտեղ չեմ եղել, ես ներողություն եմ խնդրում բոլորից, ես այնտեղ չեմ եղել»։ Սակայն թարգմանիչը փոխանցել է, թե Խաչատրյանը ներողություն է խնդրել Ադրբեջանի ժողովրդից հայերի կողմից իրականացված բոլոր միջադեպերի համար՝ սխալ ներկայացնելով Վագիֆ Խաչատրյանի խոսքերը։
Ակնհայտ է, որ ադրբեջանական ռեժիմի ներքո չի կարող արդար դատավարություն իրականացվել, դրա համար նրանք պարտավոր են անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից»,- գրել է Մարուքյանը։
Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել էր ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։ Բաքվում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Մեշալա գյուղում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար»։