Ռուսաստանը ՀՀ իշխանությունների հանդեպ սկսում է տնտեսական «պատժամիջոցներ» գործի դնել․ ինչո՞ւ է 50%-ով նվազել հայ-ռուսական առևտրաշրջանառությունը

Նախօրեին ավարտվեց Նիկոլ Փաշինյանի այս տարվա վերջին այցը դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Այցն անցավ առանց հրապարակային ինտրիգների, ընդհանուր առմամբ, ինչպես ընդունված է ասել, աշխատանքային մթնոլորտում։ Դեպի ՌԴ այցերի գլխավոր իրադարձությունը, բնականաբար, հանդիպումներն են ամենաբարձր՝ Փաշինյան-Պուտին մակարդակով, որոնց նկատմամբ ուշադրությունն էլ ավելի է աճել է հայ-ռուսական լարվածության ու հարաբերությունների ձևաչափի փոփոխման հետևանքով։

Փաշինյան-Պուտին հանդիպման հրապարակային հատվածում Պուտինը շեշտը դրեց առևտրաշրջանառության, իսկ Փաշինյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածություններից  հետո հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված հնարավորությունների, ինչպես նաև ՀՀ տարածքում երկաթուղային որոշ հատվածներ վերականգնելու անհրաժեշտության վրա։ Հանդիպման հրապարակային հատվածը չտվեց մի շարք հարցերի պատասխաններ, թե արդյո՞ք քննարկվելու է ՌԴ հայտը՝ մասնակցել TRIPP-ին,  և ինչպիսի՞ն են կողմերի տրամադրություններն այս հարցի վերաբերյալ։

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշեց, թե  առևտրաշրջանառությունը կարգավորվել է։ «Եթե 2024 թ.-ին այն գերազանցել է 11 միլիարդը (դոլար), ապա այս տարվա առաջին ինն ամիսներին այն կազմել է 4,5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է և մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք»,- ասել է Պուտինը։

Կարդացեք նաև

Նա նաև նշել է, որ կան լավ ծրագրեր, արդեն քննարկվել է էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ «Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին՝ նույնպես»,- հայտարարել է Պուտինը։

Խոսելով տարբեր հարցերի մասին, որոնց վրա կարելի է համատեղ աշխատել՝ Պուտինը նշել է նաև հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: «Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք»,- նշել է Պուտինը։

Հարկ է այստեղ նշել, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 5,72 մլրդ դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 47,8%-ով։ Իսկ արտահանումը Հայաստանից նվազել է 9,2%-ով՝ կազմելով 2,38 մլրդ դոլար, ներմուծումը Ռուսաստանից կազմել է 3,48 մլրդ դոլար, սա ենթադրում է  58,3% անկում։

Դեկտեմբերի 12-ին  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, առևտրաշրջանառությանն ու ՀՀ ԵՄ անդամակցության հայտին՝ ասել էր, թե 2025 թվականին գրանցվում է ապրանքաշրջանառության անկում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև։ «Եթե խոսենք անցյալ տարվա փոխադարձ ապրանքաշրջանառության մասին, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում էր 15.4 մլրդ դոլար։ Այս տարի, ակնհայտ է, որ այն կլինի նվազագույնը 6 մլրդ դոկարի մակարդակում, այսինքն՝ սա շատ նկատելի անկում է»,- Օվերչուկի խոսքերը մեջբերել էր  ՏԱՍՍ-ը։

Օվերչուկի խոսքով՝ ռուսական բիզնեսը զգուշությամբ է սկսել վերաբերվել Հայաստանի հետ աշխատանքին։ «Թեև ընդհանուր առմամբ մեր լավ կապերը պահպանվում են»,- նշել էր նա։ ՌԴ փոխվարչապետը հայտարարել էր նաև, որ ինչ-որ փուլում Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցում։

«Ինչ վերաբերում է Հայաստանի մերձեցմանը Եվրոպական միության հետ, ապա այդ մասին մենք բազմիցս խոսել ենք։ Մենք կարծում ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումներին միաժամանակ անդամակցելն անհամատեղելի է։ Եվ ինչ-որ փուլում Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի կատարել համապատասխան ընտրություն։ Դա Հայաստանի ժողովրդի ընտրությունն է»,- ասել էր Օվերչուկը՝ առևտրաշրջանառության թեման ըստ էության կապելով ՀՀ ԵՄ ձգտումների հետ։

Սրան հաջորդեց ՌԴ փոխվարչապետի այցը ՀՀ, այստեղ նա մասնակցեց  հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 24-րդ նիստին: Հայաստանի կառավարության լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն՝ միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Գրիգորյանը և Օվերչուկը քննարկել են մեկ տարի առաջ Մոսկվայում կայացած 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները։ «Վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը։ Կողմերը հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին»,- ասված էր հաղորդագրությունում:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանից եկող գումարները նաև մեծ աջակցություն են Փաշինյանի իշխանությանը։ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու իշխանությունների քաղաքական ակցիայից հետո ՌԴ իշխանություններն իրենց հայտարարություններում շեշտում էին, թե Հայաստանը մեծ օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից, որպիսին չի ստանում ԵԱՏՄ որևէ անդամ, ինչպես նաև նշում էին՝ ՀՀ-ն չի կարող ԵՄ-ից ստանալ նման օգուտներ։

Եվ ահա Հայաստանի կողմից Եվրամիության հետ ինտեգրացիայի քաղաքական մտադրության հրապարակային հայտարարությունից հետո հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալների շուրջ 50 տոկոսով նվազում է արձանագրվում այս տարի, ավելին, այն ներկայացվում է Մոսկվայի կողմից՝ որպես զուտ տնտեսական գործընթաց․ ըստ ՌԴ պաշտոնական մեկնաբանությունների՝ ռուսական բիզնեսը «կորցրել է հետաքրքրությունը» Հայաստանի շուկայի նկատմամբ։

Սակայն այս բացատրությունը ոչ միայն մակերեսային է, այլև ապաքաղաքական՝ իրական գործընթացների բովանդակությունը կամ ձևաչափը քողարկելու համար։

Տվյալ անկումը դժվար է մեկնաբանել՝ որպես ինքնաբուխ շուկայական ռեակցիա։ Գաղտնիք չէ, որ հայ–ռուսական տնտեսական հարաբերությունները տարիներ շարունակ կառուցվել են ոչ թե ազատ մրցակցության, այլ քաղաքական հովանավորչության, արտոնությունների և ռազմավարական կախվածության տրամաբանության վրա։ Այդ պայմաններում «բիզնեսի հետաքրքրության» հանկարծակի կորուստը կարող է պայմանավորված  լինել միայն քաղաքական ազդակով։

Ռուսաստանի համար Հայաստանն ընկալվում է ոչ թե որպես ինքնուրույն տնտեսական գործընկեր, այլ որպես  ազդեցության գոտու մաս՝ ներառված ԵԱՏՄ-ի, անվտանգության և լոգիստիկ շղթաների համակարգում։ Այդ տրամաբանության շրջանակում առևտրաշրջանառությունը, հարաբերություններում արտոնյալ գործարքները պահում են հարաբերությունների այդ ձևաչափը։  Այդ համատեքստում առևտրաշրջանառության կրճատումը դառնում է քաղաքական ճնշման գործիք՝ ուղղված ՀՀ իշխանություններին։

Հայաստանն ամենևին առաջին դեպքը չէ, երբ ՌԴ-ն  աշխարհաքաղաքական  նման իրավիճակի բախվելիս գործի է դնում տնտեսական լծակները և «պատժամիջոցները»։ Սակայն «բիզնեսի հետաքրքրության կորուստ» պատճառաբանությունը Մոսկվային թույլ է տալիս խուսափել քաղաքական պատասխանատվությունից և ներկայացնել գործընթացը՝ որպես բնական շուկայական հոսք։ Սա թույլ է տալիս ՌԴ-ին թե ուղերձ փոխանցել Հայաստանին, թե ցույց  տալ, որ Ռուսաստանը  «չի պատժում»։

Եզրափակելով՝ պետք  է նշել, որ ՌԴ իշխանությունները հայ-ռուսական հարաբերություններում սկսում են գործի դնել որոշ «պատժամիջոցներ», ինչը  քաղաքական արձագանք է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը և միաժամանակ փորձ՝ պահպանելու ազդեցության լծակները տնտեսական ճնշման միջոցով։ Հայաստանի  և հայաստանյան հանրության համար  չափազանց  կարևոր  այս գործընթացների ընկալումը ՀՀ ԵՄ ինտեգրացիայի ընտրության օրակարգի ճանապարհին։

Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ արևմտամետության փորձերը  բախվելու են դիմադրության, իսկ եվրոպական ինտեգրացիայի շրջանակում ԵՄ-ն չի տալիս որևէ երաշխիք, որ ՀՀ-ն կարող է անդամակցել Եվրոպական միությանը։ Եվ փաստորեն, Հայաստանը, չունենալով ԵՄ անդամակցության հեռանկար, սակայն  հայտարարելով ԵՄ անդամակցության ցանկության մասին, վտանգի տակ է դնում այն օգուտները, որոնք ստանում էր ԵԱՏՄ անդամակցությունից։

Ի դեպ, ԵՄ ինտեգրացիայի հեռանկարի մասին Փաշինյանն արդեն խոսում է բավականին բաց, հասարակությանը պատրաստելով, որ եվրաինտեգրացիայի ուղին գուցե չավարտվի անդամակցությամբ, սակայն ՀՀ-ն  կլինի ավելի բարեփոխված և ԵՄ ստանդարտներին մոտեցած։

Տեսանյութեր

Լրահոս