Թեհրանում կայացավ «3+3» երկրորդ հանդիպումը․ ունի՞ արդյոք ապագա ռեգիոնալ այս ձևաչափը

Թեհրանում նախօրեին կայացավ, այսպես կոչված, «3+3», իսկ իրականում՝ «3+2» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով երկրորդ հանդիպումն արդեն ԱԳ նախարարների մակարդակով։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը Թեհրանում կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ խաղաղության համար: Բացի այդ, ըստ Աբդոլլահիանի, այն կարող է հիմք ստեղծել այս տարածաշրջանում մարտահրավերներին վերջ դնելու համար: Հանդիպման արդյունքներով նախարարները հաղորդագրություն են տարածել, նշելով 9 կետ՝ դրանցում արձանագրելով հարաբերությունների զարգացման, վեճերի լուծման կարևորությունը, քննարկելով Գազայում իրավիճակը՝ ընդգծելով անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:

Ամփոփելով հանդիպման վերաբերյալ իրանական և ռուսական ԶԼՄ-ներում տարածված հրապարակումները՝ նշենք, որ Իրանն առաջարկում է մշակել տրանսպորտային ճանապարհային քարտեզ՝ հիմնված տարածաշրջանի բոլոր երկրների շահերի վրա, Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը գործնականում լուծված համարելով։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ «Նոր հեռանկար է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար»։

Իսկ Հաքան Ֆիդանն ասում է, որ տարածաշրջանային կայունության ուղին անցնում է Բաքվի և Երևանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքմամբ։ Այս ձևաչափով երկրորդ հանդիպումը, թերևս, ոչ թե շոշափելի արդյունքներ, պայմանավորվածություններ արձանագրեց, այլ այն, որ նման ձևաչափը կարող է կենսունակ լինել, և այս երկրները կարող են հավաքվել, քննարկել հարցեր, ռեգիոնից դուրս բերելով Արևմուտքի ազդեցությունը և չեզոքացնելով բոլոր քաղաքական հարցերում Արևմուտքի մասնակցությունը։

168am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ ձևաչափը չի ստեղծվել միայն խորհրդատվական գործառույթներ իրականացնելու համար, այն ձևավորվել է՝ որպես քաղաքական գործիք ռեգիոնում, որի ամենամոտ և գլխավոր նպատակն այս փուլում Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Մոսկվայի դերը վերականգնելն է և Արևմուտքին դուրս մղելը։

Կարդացեք նաև

Վերլուծաբանն այս տպավորությունը ստացել է տարածված հաղորդագրությունից, որում շատ է խոսվում հակամարտությունների, խաղաղության մասին, թեև նա զուգահեռաբար նաև գտնում է, որ այդ շեշտադրումը պատահական չէ, որովհետև ռեգիոնում կա հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, իրանա-ադրբեջանական, ռուս-վրացական հակամարտություններ տարբեր խորությունների։ Սակայն, նրա կարծիքով, այս հանդիպումը մեծապես արհեստական բնույթ էր կրում, չկար հստակ բովանդակություն և օրակարգ, արվեցին հայտարարություններ, ինչպես միշտ են արվում՝ առանց նորությունների։

«Հարավային Կովկասում Արևմուտքի որոշ հարցերում ակտիվ դերակատարման ֆոնին, բնականաբար, ռեգիոնալ խաղացողները նոր գործիքներով են փորձում դիմակայել։ Սակայն Վրաստանը, ներկայումս՝ նաև Հայաստանը, հակամարտության կարգավորում, նաև անվտանգային որոշ մեխանիզմներ փնտրում է Արևմուտքում։ Ինչո՞ւ է այդպես, եթե ռեգիոնում ձևավորված աշխարհաքաղաքական ստատուս-քվոն ունակ է երաշխավորել այս հարցերը։ Այս երկու երկրների օրինակը ցույց է տալիս, որ ռուսական ազդեցությունը վերջին տասնամյակների ընթացքում չի հաջողել, և կան երկրներ, որոնք ռեգիոնալ ձևաչափում իրենց «հարմարավետ» չեն զգում և այլ դաշնակիցներ են փնտրում։

Վերջին օրերին տեսնում ենք, որ Ֆրանսիա-Հայաստան պաշտպանական ոլորտում համագործակցություն է մեկնարկում, հայ-ֆրանսիական հարաբերությունները խորանում են, որին զուգահեռ՝ խնդիրներ կան լուրջ հայ-ռուսական հարաբերություններում, որոնց մասին խոսում են երկու կողմից էլ։ Ինչպես Ռուսաստանի նախաձեռնած շատ պրոյեկտներ, կարծում եմ՝ սա ևս հաջողություն չի ունենալու, եթե Իրանը և Թուրքիան շարունակեն ակտիվորեն զբաղվել, գուցե հաջողվի պահպանել հանդիպումների ձևաչափը, սակայն, ինչպես տեսնում ենք, տարածաշրջանը միատարր չէ, շահերն այնպես չեն դասավորվել, որպեսզի բոլորի համար շահավետ լինի այս ձևաչափով աշխատել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցությանը, փորձագետը գտնում է, որ դա հնարավոր չէ։ Իհարկե, նրա խոսքով, ռուսական կողմը հույս ունի, որ աշխարհակարգն այնպես կդասավորվի, որ այլ ելք չի լինի, քան աշխատել ռեգիոնալ ձևաչափերում ռեգիոնալ խաղացողների հետ բազմաբևեռ աշխարհում, որին ձգտում են այս ուժերը։

«Սակայն Ռուսաստանն այսօր կորցրել է արդեն իր ունեցած ազդեցության մեծ մասը Հարավային Կովկասում և ռեգիոնալ այս ձևաչափում փորձում է Իրանի ու Թուրքիայի հետ միասին ինչ-որ բան պահպանել, ցույց տալ, որ Ռուսաստանն էլ լուրջ խաղացող է, բայց մենք տեսնում ենք, որ օբյեկտիվորեն պատերազմն իրավիճակ է փոխել։ Ուստի այս պահին նախադրյալներ չկան պնդելու, որ Հարավային Կովկասում պահպանվելու է նախկին ու նույնիսկ ներկայիս ստատուս-քվոն, աշխարհը գտնվում է արմատական փոփոխությունների գործընթացում։ Մերձավոր Արևելքում բռնկված իրավիճակը դրա վառ ապացույցն է»,- ասաց վերլուծաբանը։

Նա նաև այն կարծիքին է, որ չնայած այս երկրների շահերը չեն համընկնում, և այս ձևաչափը գրավիչ չէ, այնուամենայնիվ այն մերժելը, երբ այն գործում է, կլինի վտանգավոր։

«Հենց այդ պատճառով Վրաստանն ինչ-որ ճանապարհով փորձում է ինտեգրվել Հայաստան-Ադրբեջան գործընթացին՝ հասկանալով, որ ռեգիոնալ այս ձևաչափը փորձում են ակտիվացնել, իսկ Վրաստանը, դրան չմասնակցելով, կարող է տարածաշրջանային ձևաչափերից և քննարկումներից դուրս մնալ, ինչը նպատակահարմար չէ։ Այնուամենայնիվ գտնում եմ, որ եթե բեկում տեղի չունենա, այն գործելու է որպես արհեստական ձևաչափ՝ ուշ-ուշ հանդիպումներ, հերթական հայտարարություններ ռեժիմով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս