ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2150 ուսանող արդեն դիմել է Հայաստանի բուհեր, քոլեջներ և ուսումնարաններ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1000 սովորող է դիմել ՀՀ քոլեջներ և ուսումնարաններում ուսումը շարունակելու համար։
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ հիմնականում դիմել են Երևանի ուսումնական հաստատություններ, իսկ մարզերի պարագայում գերակշռում են Կոտայքի ուսումնական հաստատություններ դիմած քոլեջների և ուսումնարանների ուսանողները։
«Մեր տպավորությամբ այս համակարգի ուսանողների շուրջ 45-ից 50 տոկոսն արդեն իսկ դիմել է իր կրթության շարունակության համար։Բուհական մակարդակում մենք շուրջ 1155 ուսանողներ ունենք, որոնք արդեն հաշվառվել են մեր պետական բուհերում և դրանց մասնաճյուղերում։ Սա նույնպես գրեթե 50 տոկոսն է»,-հավելել է նախարարը՝ նշելով, որ ինչպես արդեն տեղեկացվել է, կառավարության նախորդ նիստում ընդունվել է կրթաթոշակի ծրագիրը, որով և քոլեջների, և բուհերի ուսանողները կրթաթոշակով իրենց ուսման վարձի փոխհատուցման հնարավորություն կստանան։
«Նախարարության կայքում արդեն հրապարակվել են, բուհերի, քոլեջների և ուսումնարանների ցանկերը և մեր ուսանողները կարող են դիմել այդ հաստատություններից որևէ մեկը, որը հարմար է իրենց, և որտեղ իրականացվում է տվյալ մասնագիտությամբ կրթություն։ Եթե չկա տվյալ մասնագիտությունը, որովհետև ունեցել ենք նաև նման մասնագիտություններ ԼՂ-ում, որոնցով կրթություն չի իրականացվել ՀՀ-ում,նրանք կարող են դիմել հարակից մասնագիտությամբ՝ որևէ հաստատությունում իրենց կրթությունը շարունակելու»,- ներկայացրել է գերատեսչության ղեկավարը։