ՀՀ-ի կողմից հերթական կանխավճարը՝ 200.000 դոլար, «Սանիտեքն՝ ընդդեմ Հայաստանի» գործով արբիտրաժային ծախսերը հոգալու համար

Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ պետությունը սեպտեմբերի 29-ին շուրջ 79 900 000 դրամ է հատկացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին՝ ICSID-ին, «Արբիտրաժային տրիբունալի ծախսեր»-ի համար: Ծախս չհանդիսացող այս գնման պատվիրատուն վարչապետի աշխատակազմն է: Իսկ թե ի՞նչ ծախսեր է փակում պետությունը՝ առավել մանրամասն:

Պարզվում է՝ այս ծախսը «Սանիտեքն՝ ընդդեմ Հայաստանի» գործով է («Sanitek S.a.r.l., Sari Haddad և Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/21/17)»:

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի գլխավոր քարտուղարի անունից ստացված նամակից, որը տեղ է գտել պետգնումների համակարգում, տեղեկանում ենք, որ կողմերը պետք է պարբերական կանխավճարներ կատարեն՝ «վճարումներ ICSID-ին՝ վարույթի ծախսերը հոգալու համար»:

Ըստ այդմ՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի կողմերին ուղղված նամակով կենտրոնն արդեն իսկ ստացել է նախնական 150,000.00-ական ԱՄՆ դոլար վճարը, և հաշվի առնելով իրականացվելիք ծախսերի գնահատումը, դատավարության հաջորդ փուլի՝ ներառյալ 2023 թվականի դեկտեմբերի լսումների հետ կապված ծախսերը, կողմերի համար գնահատվել են 200 հազարական ԱՄՆ դոլար, 79 900 00 դրամ:

Կարդացեք նաև

«Համաձայն ICSID Վարչական և ֆինանսական կանոնակարգ 16-ի, վճարումը պետք է կատարվի 30 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը»,- նշված է նամակում:

Այսինքն՝ այս գումարը ներառյալ, Հայաստանն այս գործով արդեն վճարել է շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 6-ին:

168.am-ը դեռ 2021 թվականի ապրիլին տեղեկացրել էր՝ Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան:

«Սանիտեք»-ը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնում էր, որ կրած վնասները, ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների և բացթողումների արդյունքում, գերազանցում են 25 միլիոն ԱՄՆ դոլարը:

Հիշեցնենք` «Սանիտեքն» արբիտրաժային դատարան դիմելու մտադրությունների մասին հայտնել էր դեռ 2019 թվականին: Հենց այդ ժամանակ 168.am-ն առիթ ունեցել էր Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվելու՝ արդյո՞ք Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի այն, որ «Սանիտեք»-ը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ «Սանիտեքը» խոշոր ներդրող է, որին ի պատասխան՝ Հայկ Մարությանը վստահեցրել էր. «Ընդհանրապես չի հարվածի ՀՀ վարկանիշին, որովհետև խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է և լավ աշխատանք է կատարել: Մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիտեքը» պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: Ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «Սանիտեք» ընկերության հետ, կապված նախ՝ պետության հանդեպ պարտավորությունների հետ, որովհետև հարկային խնդիրներ ունի»:

Մեկ այլ առիթով էլ նախկին քաղաքապետը նկատել էր. «Մենք ընդհանրապես ոչ մի մտավախություն չունենք՝ կապված արբիտրաժի հետ»:

Թեմայի առնչությամբ 168.amհարցադրումներ էր հղել նաև «Սանիտեք» ընկերության ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլին՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է գնահատում շանսերը միջազգային արբիտրաժային դատարանում:

«Մենք հայցի ներկայացմանը պատրաստվել ենք մեկ ու կես տարի և մեր թիմում ներգրավել ենք փորձաքննության ու իրավաբանական խորհրդատվության լավագույն մասնագետներին: Թող ժամանակը ցույց տա, թե ով կհաղթի, բայց ես վստահեցնում եմ, որ դեռ շատ անակնկալներ են սպասվում»,- ասել էր նա:

Արդյո՞ք 2019 թվականին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հարուցած քրեական գործը կնվազեցնի ընկերության շանսերը դատարանում՝ մեր մեկ այլ հարցին ի պատասխան էլ՝ նա նշել էր. «Չէի ուզենա մեկնաբանել»:

Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար ու «Սանիտեք»-ի իրավասու անձանց կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով քաղաքը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել:

Հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել Քննչական կոմիտե:

Տեսանյութեր

Լրահոս