Մասիս Մելքոնյանը չի կարող լինել անաչառ դատավոր՝ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունեցած իր քաղաքական թիմի ղեկավարի ատելությամբ. Լևոն Քոչարյանի պաշտպաններ
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթում չկա ոչինչ, որը կարող է բավարարել մեղադրանքի կողմից ներկայացվող պահանջներին, մենք գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ, սա արտաիրավական քրեական հետապնդում է»,- այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը։
Նրա խոսքով՝ իրենք որևէ ակնկալիք չունեին, որ Մնացական Մարտիրոսյանն այլ դատավորի կմակագրի Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը, կամ Մասիս Մելքոնյանը կունենա անհրաժեշտ անաչառություն, օբյեկտիվություն, բարոյականություն, որպեսզի այս գործով ինքնաբացարկ հայտնի։
«Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և չի կարող երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, իր քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ՝ ուղղված Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արդեն իսկ պրոցեսը մեկնարկում է իրավունքների խախտմամբ»,- ասաց նա։
Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ պաշտպանական կողմը ծանոթ չէ գործի նյութերին․ «Մենք պետք է խնդրենք ժամանակ, որպեսզի նյութերին ծանոթանանք»։
Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ հավելեց, որ Լևոն Քոչարյանին բերման ենթարկելու մասին տեսանյութերն ուսումնասիրելուց հետո վարույթն իրականացնող մարմինը պետք է քրեական վարույթը կարճելու որոշում կայացներ:
«Սա իրավական բեսպրեդել է, որը մենք Հայաստանում տարբեր քրեական գործերով արդեն տեսել ենք, իսկ պարոն Քոչարյանի վարույթը բացառություն չէ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին և կալանավորվել է մեկ ամսով։ Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։ Դեռ հիվանդանոցում Քոչարյանին է հանձնվել ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե նա 4 կարմիր բերետավորի է ծեծել։
Մանրամասները՝ տեսանյութում: