Խոսրովի անտառի պահպանությունն ավելի արդյունավետ կդառնա․ Շրջակա միջավայրի նախարարությունն ու FPWC-ն հուշագիր են ստորագրվել

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև կնքվել է համաձայնության հուշագիր, որի նպատակը բնության պահպանությունն ավելի արդյունավետ դարձնելն է։ Հուշագիրը ստորագրել են ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Խոսրովի անտառ պետական արգելոցում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Հայաստանում ընթանում է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Հոկտեմբերի 17-ին համաժողովի մասնակիցների խումբը եղել է Խոսրովի անտառ պետական արգելոցի այցելուների կենտրոն, ինչպես նաև շրջել է Գոռավանի ավազուտների արգելավայրում։ Մասնակիցների համար Հայաստանի կենսաբազմազանությունը շատ հետաքրքիր և ուշադրության արժանի է եղել։

Համաձայնության հուշագրի կնքումը նախատեսվում է տարբեր ուղղություններով, որոնցից են՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, պահպանություն և կառավարում, կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացում, կենդանական և բուսական աշխարհի պահպանություն, հակահրդեհային միջոցառումների աջակցություն, բնության և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով էկոզբոսաշրջության կազմակերպում, կենսաբազմազանության պահպանություն ու կենսառեսուրսների կայուն օգտագործում, անհետացող տեսակների պոպուլյացիաների վերականգնում, մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմման միջոցառումների իրականացում, անազատ և կիսաազատ պայմաններում ապօրինի պահվող, բնության մեջ ապրող վայրի կենդանատեսակներին սպառնացող միջադեպերից փրկելու նպատակով կարանտինային տարածք տեղափոխելու, բուժման և հնարավորության դեպքում վայրի բնություն բաց թողնելու աշխատանքների իրականացում, էկոլոգիական կրթություն, փորձի փոխանակում և մասնագետների վերապատրաստում և այլն։

Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքը ևս պատահական չի ընտրվել։ Արգելոցի հարակից տարածքում FPWC կողմից ստեղծվել է առաջին և միակ մասնավոր պահպանվող տարածքը Հայաստանում, որը լրացուցիչ բուֆերային անվտանգության գոտի է և մեծապես օգնում է արգելոցում պահպանության ուժեղացմանը։ Տարածքը կոչվում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR):

ԲՊՄՄ մասին. դեռևս 1948թ․-ին հիմնադրված ԲՊՄՄ նպատակներից մեկն է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջադրելը։ Կազմակերպությունը հեղինակել և կազմել է IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակը (IUCN Red List of Threatened Species), որի միջոցով գնահատվում և կենդանատեսակների համար համապատասխան կարգավիճակ է սահմանում ամբողջ աշխարհի մասշտաբով։ Կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԲՊՄՄը կարևոր դեր է խաղում բնության և կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային կոնվենցիաների իրականություն դառնալու գործում, բացի այդ՝ մասնակցել է բնության համաշխարհային ֆոնդի և պահպանության համաշխարհային մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը։

Տեսանյութեր

Լրահոս