Սա հումանիտար ողբերգություն է. Հայաստանում ենք՝ արտահայտելու մեր համերաշխությունը. Լուիզ Մուշիկիվաբո

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել իր համերաշխությունը արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։ Նրանք փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են օգտակար լինել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որն իր շուրջն է համախմբում 88 երկրի և կառավարության՝ 5 մայրցամաքներից: Հայաստանը մեզ համար այդ կազմակերպության շատ կարևոր անդամ է: Դրա համար էլ մենք այսօր այստեղ ենք, որ արտահայտենք մեր համերաշխությունը»,-ասաց Մուշիկիվաբոն:

Նա ընդգծեց՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, իրենք հատկապես հետաքրքրված են իրենց առաքելությունների հետ կապված հարցերով՝ ֆրանսերեն լեզվով կրթության, երիտասարդության հարցերով: Երիտասարդությունը կազմակերպության առաքելության հիմնական թիրախն է:

Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարն ասաց, որ իրենք հետևում են Միավորված ազգերի կազմակերպությունից եկող բոլոր երկխոսություններին ու եզրահանգումներին:

«Ցավոք սրտի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չունի մանդատ ու միջոցներ, որ որոշումներ կայացնի կամ իր դիրքորոշումն արտահայտի հակամարտության վերաբերյալ: Իհարկե, մենք շատ լավ գիտենք պատմությունը, բայց մենք սահմանափակված ենք մեր մանդատով: Առանց փորձագետ լինելու, առանց քաղաքական հարցերի վերաբերյալ մանդատ ունենալու էլ միանշանակ է այն, որ սա հումանիտար ողբերգություն է, որը մեզ բնականաբար հուզում է: Այն փաստը, որ մարդիկ ստիպված են լքել իրենց հայրենի հողը, մեզ հուզում է, մենք հասկանում ենք: Եվ շատ կցանկանայինք, որ այսօր լիներ որոշակի որոշում, որը կթեթևացներ այս մարդկանց, այս երիտասարդների ճակատագիրը, որ հիմա այստեղ են»,-ասաց Մուշիկիվաբոն:

Նա հավելեց, ցավոք սրտի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չունի այդ հնարավորությունը: Սակայն կազմակերպությունում հասկանում ու կարեկցում են:

«Եվ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն՝ մենք փորձում ենք ուսումնասիրել, թե ինչ ձևով կարող ենք օգտակար լինել, բայց, իհարկե, ոչ քաղաքական հարցերով կամ ճգնաժամի հաղթահարման առումով: Պարզապես մենք հասկանում ենք մեր քույրերին ու եղբայրներին, որոնք շատ դժվար իրավիճակի մեջ են գտնվում»,-ասաց նա:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն Երևանում «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) բարեգործական կազմակերպությունում հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների, ֆրանսերենի մասնագետների հետ: Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրավիճակը, կիսվեցին իրենց պատմություններով:

«Մենք փաստորեն ավելի շատ հումանիտար, կրթական, մարդկային ասպեկտի կողմից ենք փորձում այս ողբերգությանը հետևել, իհարկե, հեռվից էլ էինք հետևում, բայց ցանկացանք այստեղ լինել, հանդիպել և լսել նրանց»,-նշեց Լուիզ Մուշիկիվաբոն:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:

Տեսանյութեր

Լրահոս