Արեւմուտքին երդում տալու փուլն է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերում հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով գրեթե՝ երդվեց, թե մենք «ոչ մի վեկտոր չենք փոխում»: Երեկ Ստրասբուրգում նա կրկին հակառուսական էր. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»։
Նորից տրտնջում էր, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին թողել է մենակ, ՌԴ-ն չկատարեց իր դաշնակցային պարտավորությունները, խաղաղապահների անգործության պատճառով արցախցիները զրկվեցին հայրենիքից: Անգամ ՌԴ-ին մեղադրեց Հայաստանում իշխանափոխության փորձերի-ծրագրերի համար: Ստացվում է, որ նա մի օր ռուսամետ է, մյուս օրը՝ արեւմտամետ:
Իրականում նա պատրաստ է աֆրիկյան ցեղերի դաշնակիցը դառնալ, միայն թե երաշխիք ունենա՝ իշխանությունը պահելու։ Երբ ՌԴ-ից կոշտ արձագանքում են հակառուսական քայլերին, վախենալով, որ կկորցնի իշխանությունը, հավատարմության երդում է տալիս Ռուսաստանին, ինչը, բնականաբար, դուր չի գալիս Արեւմուտքին: Հիմա Արեւմուտքին երդում տալու փուլն է»: