Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը հեռացավ Արցախի նախագահի պաշտոնից 2023 թվականի սեպտեմբերին՝ ինքնակամ որոշո՞ւմ, պարտադրա՞նք, թե՞ պայմանավորվածությունների խախտում
Հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանն ասել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է իրեն ժամանակին հնարավորություն տվել բանակցել Բաքվի հետ:
«Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ԱՀ նախագահն արտաքին քաղաքականության միակ վարողն է, որն ինձ տվել է այդ հնարավորությունը, որ ես բանակցեմ: Եվ դրա մասին պառլամենտում իմ ելույթի ժամանակ, երբ նստած էին ձեր ասած մարդիկ, ես մատնանշել եմ՝ Արայիկ Հարությունյանն ինձ տվել է այդ հնարավորությունը բանակցելու, բոլորը քար լռությամբ լսել են ու ձայն չեն հանել, շրջվել են դեպի Արայիկ Հարությունյանը, նա էլ գլխով ասել է՝ այո: Հիմա ուզում եմ հասկանալ, էդ 5-րդ շարասյունն ինչի՞ է գոռգոռում»,- շարունակել է Բաբայանը:
Թե կոնկրետ ե՞րբ է այդ իրավունքը վերապահվել Բաբայանին, մանրամասներ հայտնի չեն:
Իսկ այն, որ Ադրբեջանին Սամվել Բաբայանն առաջարկներ է ուղարկել, այդ մասին նա սեպտեմբերի 3-ին հայտնել էր «Ազատության» եթերում:
«Ներկայացրել ենք իրանց, ինչ-որ ձևի պատասխաններ կան, ինչ-որ ձևի հարցեր կան, ընթանում են էդ քննարկումները: Մենք ամբողջովին գալու ենք մի լուրջ փաթեթի, դրանից հետո նստելու ենք բանակցությունների՝ կետ առ կետ գնանք լուծումները տանք, որ Արցախն իր տարածքների վերականգնումից սկսած, միավոր, որպես այդպիսին, իր զորամասով, իր ամեն ինչով»,– նշել էր նա՝ հավելելով, որ նախ ադրբեջանցիների հետ փոխվստահության պիտի հասնել, ապա անցնել քաղաքական լուծման։
Հավելենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ից էր վայր դրել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները՝ Ազգային ժողովին հղած հրաժարականի դիմումի հիման վրա: Հրաժարականի թեմային դեռ կանդրադառնանք: Մինչ այդ նշենք նաև, որ Սամվել Բաբայանը դեռ 2023-ի հունիսին էր NEWS.am-ի հետ զրույցում ասել, որ «պետք է մշակել Ադրբեջանի հետ փոխվստահության մասին առաջարկների փաթեթ և բանակցություններ սկսել Բաքվի հետ, եթե նա ցանկանում է, իսկ եթե ոչ, ապա բանակցությունները կարող են սառեցվել»:
Ի դեպ, նույն հարցազրույցում Արցախի ԱԽ նախկին քարտուղարն ասել էր, որ որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ընդունելու այլևս:
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել միայն ժողովրդի ցանկության դեպքում։ Եթե ժողովուրդը գիտակցի, դուրս գա փողոց և ասի, որ այդ մարդը պետք է այս կամ այն քայլն անի, այդ ժամանակ ես կհամաձայնեմ»,-շեշտել էր նա:
Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան հարաբերությունների համատեքստում հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 11-ին Սամվել Բաբայանի անունից հայտարարություն էր տարածվել՝ ի պատասխան լրատվական աղբյուրներում շրջանառվող լուրերի, թե նա ստանձնելու է ԱՀ պետական նախարարի պաշտոնը, որը ներկայումս Ռուբեն Վարդանյանն է զբաղեցնում:
«Ռազմավարական պլանավորման տեսանկյունից ԱՀ Սահմանադրության փոփոխությունն այլընտրանք չունի։ Գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում կադրային քաղաքականությունը գումարելիների տեղափոխություն է, որից գումարը չի փոխվում»,- մասնավորապես, նշված էր հաղորդագրության մեջ:
Իսկ արդեն փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել էր Ազգային ժողովի քննարկմանը: Այդ ժամանակ հարց առաջացավ՝ արդյո՞ք սա Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան հերթական համագործակցությունն է, թե՞ գործ ունենք բնականոն սահմանադրական գործընթացի հետ:
Հավելենք, որ 2022թ. նոյեմբերի 23-ին Արայիկ Հարությունյանը դիմել էր Արցախի ԱԺ նախագահին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով:
Նման որոշման համար պատճառ էր հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ:
Ըստ երկրի ղեկավարի՝ ներքին համերաշխությունն ու միասնականությունը մեր ամենազորեղ ուժն է և ամենակարևոր երաշխիքը պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու գործում:
Նշվում էր, որ Արցախի նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ:
Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 25-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր էր ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:
2020թ. սեպտեմբերի 9-ին էլ ԱԽ քարտուղարի կարգավիճակում գտնվող Սամվել Բաբայանը հայտարարել էր.
«Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որևիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնիություն է պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են՝ ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ չափը մեզ վստահի և տա այդ լիազորությունները: Բայց մենք ունենք 5 կետից բաղկացած հուշագիր, որի շրջանակում մենք համագործակցում ենք»:
Թե ի՞նչ փոխանցված լիազորությունների մասին էր խոսում Բաբայանը, այդպես էլ գաղտնի մնաց: Ավելի ուշ Սամվել Բաբայանը սրբագրել էր իր իսկ ասածը և հայտարարել, որ ինքը, ԱԽ քարտուղարի լիազորությունների շրջանակում, պատերազմի օրերին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել ԱՀ նախագահին, օրինակ, «всего лишь քարտեզի վրա ցույց է տվել, որ էդ տարածքը կարելի է ազատագրել»:
Իսկ երբ 2020-ի նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե տվել է իր համաձայնությունը՝ ժամ առաջ դադարեցնելու պատերազմը, և, որ այն եղել է «ստիպված» որոշում՝ ռազմական իրավիճակով պայմանավորված, Սամվել Բաբայանը բավականին կտրուկ էր արձագանքել, նա եռակողմ համաձայնագրի հաստատումից հետո հրաժարվել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցրել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները։
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու՝ հանձնել մեզ»,- ընդգծել էր Արցախի ԱԽ նախկին քարտուղարը:
Այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանի այս քայլը որակել էր որպես պատասխանատվությունից հրաժարում՝ հաշվի առնելով նրանց կամ նրանց ղեկավարած քաղաքական ուժերի միջև քաղաքական հուշագրի ստորագրումը, ինչը նշանակում է քաղաքական պատասխանատվության կիսում:
«Սամվել Բաբայանն իր հայտնի հայտարարությամբ փորձեց խուսափել ստանձնած քաղաքական պատասխանատվությունից: Մինչդեռ նա պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում, Արցախի նախագահի կողքին: Սակայն, պատերազմի ցավալի ելքով պայմանավորված, որոշել է հրաժարվել իր բաժին պատասխանատվությունից, ինչն առնվազն բարոյական չէ»,- 168.am-ի հետ զրույցում շեշտել էր այդ ժամանակ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Վերջերս՝ 2023թ. հոկտեմբերին, NewDay.am-ի հետ զրույցում Սամվել Բաբայանը փակագծեր էր բացել, թե ինչու է գնացել այդ քայլին:
«Ես եկել եմ Արցախից նոյեմբերի 6-ին՝ Ղարաբաղի նախագահի խնդրանքով: Բանակցություններ եմ վարել այստեղ ռուսական մի ընկերության հետ, որը նայոմնիկներով է զբաղվում: Ամսի 6-ին ինձ գործուղում են այստեղ բանակցությունների, ես գալիս եմ բանակցեմ, որ նայոմնիկ գնա ստեղից, ու դուք ամսի 9-ին ղազագիր եք ստորագրում: Հիմա ես ի՞նչ պիտի անեի, պիտի հրաժարական տայի, սրա մասին է խոսքը: Ես լքել եմ պաշտոնը, որովհետև որպես ԱԽ քարտուղար՝ ուղարկում են բանակցությունների, և իմ թիկունքում ստորագրում փաստաթուղթ: Եթե անվստահելի եմ, ես ԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական եմ տվել և իմ «Արցախի հերոսի» մեդալը հանձնել՝ որպես պրոտեստ»,- նշել է նա:
Այն, որ 2020թ. նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե Սամվել Բաբայանը գործուղվել էր Երևան, նա հայտնել էր դեռ 2022 սեպտեմբերի 5-ին, պարզապես այդ ժամանակ գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով հանրայնացման ենթակա չէր համարել:
Վերադառնանք Սամվել Բաբայանի հայտարարությանը, որ Ադրբեջանի հետ բանակցելու մանդատ իրեն Արցախի նախագահի պաշտոնում եղած Արայիկ Հարությունյանն է տվել, ու ևս մի քանի հանգամանք հիշենք:
Մասնավորապես, 2023 թվականի մարտի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել էր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ, մասնավորապես, հայտնել էր, թե արցախյան ներկայացուցիչների հետ երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, իսկ Արցախի կողմից բանակցողը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման:
Սրանից հետո, ըստ Հարությունյանի, ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է իրենց՝ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
«Մենք չենք ընդունել, չենք ընդունում, և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ, եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ԱԽ նիստում հայտարարել էր Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը քաղաքական և փորձագիտական տարբեր շրջանակներ համարեցին չափազանց վտանգավոր: Այսինքն, սրանով Արցախի նախագահը կամա թե ակամա նպաստում է առնվազն մարդկանց խոսույթի մեջ այդ թեզերի գեներացմանը: Այս իմաստով, տարբեր փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, Արցախի ղեկավարությունն ավելի հստակ պետք է սահմանի՝ ինչ խնդիր է փորձում լուծել այս իմաստով:
Արցախի կողմից բանակցողը, որը, ըստ Արայիկ Հարությունյանի, կանխել էր ադրբեջանական կողմի ինտեգրացիայի մասին զրույցները, եղել էր Սամվել Շահրամանյանը՝ որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար: Փաստորեն, հետագայում արդեն որպես Արցախի նախագահ՝ Սամվել Շահրամանյանը ստիպված եղավ բախվել Արցախն Ադրբեջանի կազմում թողնել-չթողնելու խնդրին:
Սեպտեմբերի 19-ի գործողություններից առաջ 168.am-ն անդրադարձել էր այս թեմային՝ «Ճակատագրի հեգնանքն ու Սամվել Շահրամանյանի հանձնելիք քննությունը»:
Ի դեպ, 2022 թվականի մայիսի 25-ին Արցախի խորհրդարանի քաղաքական կուսակցությունների պահանջով Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ նշել էր, թե Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու մասին ձևակերպումը, և, որ այն չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Արցախի նախագահը միաժամանակ, ըստ մամուլում եղած տեղեկությունների, ներկայացրել էր Փաշինյանի հետ Բրյուսելից հետո կայացած իր հանդիպման մանրամասները՝ վստահեցնելով, որ Փաշինյանը Բրյուսելում չի հրաժարվել Արցախի կարգավիճակից:
Ավելին, 2022 թվականի ապրիլի 25-ին Արցախի կառավարության ընդլայնված նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր.
«ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ»:
Ինչի՞ հիման վրա է եղել Արայիկ Հարությունյանի այս վստահությունը, դարձյալ բացատրություններ չեն հնչել: Կա՛մ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշումը Փաշինյանը համաձայնեցրել է Արայիկ Հարությունյանի հետ, կա՛մ խախտել նրան տված խոստումը:
Ի դեպ, հետաքրքիր է՝ Արայիկ Հարությունյանն ինքը համաձայնեցրե՞լ էր իր հրաժարականը Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ գուցե նրա հորդորո՞վ է հրաժարական տվել, որքան էլ որ իշխանության ներկայացուցիչները հրապարակավ դեմ էին արտահայտվում նրա հրաժարականին և սլաքներն ուղղում Արցախի նախկին նախագահներին և ՀՀ 3-րդ նախագահին: Մինչդեռ մամուլում շրջանառված տեղեկությունների համաձայն, օրինակ, Բակո Սահակյանը դեմ է եղել Արայիկ Հարությունյանի հրաժարականին: Նման պնդում անգամ 24News-ի եթերում արել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով Սամվել Բաբայանի պնդումներին:
2023 թվականի սեպտեմբերի 3-ին «Ազատության» հետ զրույցում ասել էր.
«Իմս ենթադրություն չի, Արցախում մի ամբողջ գիշեր Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան միասին անց են կացրել, էդ որոշումը կայացրել, իրենց ովքե՞ր են թելադրել Երևանից կամ տեղում, դա արդեն տեղյակ չեմ»:
Ի դեպ, Սամվել Բաբայանը, որ Արայիկ Հարությունյանին համարում է իր չսիրած նախկիններից մեկը, 2021 թվականին «Իրավունքի» հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե՝ «Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի»:
Իսկ 2021 թվականին Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներ կային այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանը Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ էր այցելել՝ 2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ:
Օրեր անց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նա անդրադարձել էր այս թեմային:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եղել եմ ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, այլև հանդիպումներ եմ ունեցել այլ քաղաքական ուժերի ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ: Ընդ որում՝ ես պահպանել եմ չեզոքություն: Պարզապես միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում են լրագրողներն ինձ հանդիպել,- հայտարարել էր Արայիկ Հարությունյանը և հավելել,- Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից: Կամ թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս, կամ կառչած եմ աթոռից: Ամենևին ոչ: Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև: Այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը»:
Ավելի ուշ՝ 2023 թվականի մարտին տեղեկություններ շրջանառվեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին:
«Արցախպրես»-ը դիմել էր այդ ժամանակ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, որը, ի պատասխան, նշել էր, որ Հարությունյանը քանիցս հրապարակավ անդրադարձել է իր հրաժարականի թեմային, և նրա ասածները մնում են ուժի մեջ:
«Այն է՝ «ինքը հրաժարական կտա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ստացվի ապահովել բնականոն իշխանափոխությունը և խուսափել վտանգավոր ցնցումներից: Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի այսպիսի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից»,- ասել էր Ավանեսյանը։
Իսկ մայիսին արդեն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել էր Արցախի այդ ժամանակվա ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք»,- ԱԺ նիստի ժամանակ ասել էր նա:
Նույն ժամանակահատվածում Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին պահանջել Արցախի ԱԺ-ում ներկայացված 3 քաղաքական ուժերը՝ «Արդարություն», ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»:
Արցախի նախագահի պաշտոնից Հարությունյանի հրաժարականի մասին լուրեր սկսեցին շրջանառվել նաև օգոստոսի կեսերին, արդեն սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացրեց:
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել, քանի որ գործող սահմանադրական կարգավորումները ենթադրում էին, որ իմ հրաժարականի դեպքում պետք է միաժամանակյա նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպվեին, իսկ դրա իրագործման հնարավորությունը խիստ մշուշոտ էր, հատկապես՝ շրջափակման պայմաններում:
Ուստի, ես նախաձեռնեցի և Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ռազմական դրության ժամանակ խորհրդարանի կողմից ընտրել անցումային նախագահ՝ մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը:
Սահմանադրության 168.1 հոդվածն ուժի մեջ է մտել հուլիսին, որից հետո քանիցս մտածել եմ հարմար պահի մասին, սակայն կարևոր արտաքին քաղաքական զարգացումների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ և որոշումս կայացրել օգոստոսի վերջին»,- սեպտեմբերի 4-ին մանրամասնել էր նա:
Ըստ էության, Արայիկ Հարությունյանը դեմ չի եղել Սամվել Շահրամանյանի թեկնածությանը: Բայց միևնույն է՝ բազմաթիվ հարցեր կան անպատասխան, այդ թվում՝ ինչո՞ւ սեպտեմբերի 1-ին վայր դրեց լիազորությունները, ինչո՞ւ է Սամվել Բաբայանին Ադրբեջանի հետ բանակցելու իրավունք վերապահել և ոչ՝ Սամվել Շահրամանյանին, կամ՝ ինչո՞ւ է պաշտպանել Սամվել Շահրամանյանի թեկնածությունը և այնպես չի արել, որ Սամվել Բաբայանը վերցնի երկրի ղեկավարումը, հատկապես, երբ Ադրբեջանի հետ բանակցելու հարցում հենց նրան է վստահել: Ինչ կամ ում նկատի ուներ, երբ ասում էր՝ «եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:
Եվ, ի վերջո, իր հրաժարականը ծանր պայմաններում ստանձնած պատասխանատվությունից խուսափե՞լ էր, փախո՞ւստ, թե՞…:
Հուսանք, այս հարցերի պատասխանը մի օր կստանանք, իսկ այս պահին Արայիկ Հարությունյանին և Բաքվում անազատության մեջ պահվող բոլորին շուտափույթ վերադարձ ենք ցանկանում: Միևնույն ժամանակ փաստում՝ տարբեր ժամանակներում Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան համագործակցության փաստեր և փորձեր եղել են, այլ հարց է՝ ինչով է դա ավարտվել: