Ճակատագրի հեգնանքն ու Սամվել Շահրամանյանի հանձնելիք քննությունը

2023 թվականի մարտի 1-ին տեղեկություն էր շրջանառվել մամուլում, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս հանդիպմանը Արցախի Հանրապետությունը ներկայացրել էր այդ ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:

Նշենք, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի նպատակն էր ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր։ Խմբի ղեկավար էր ընտրվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Ինչ վերաբերում է մարտի 1-ին ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը, ապա ավելի ուշ ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հայտարարության մեջ որոշակի մանրամասներ էին ներկայացված.

«Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2023 թվականի մարտի 1-ին, ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անց է կացվել արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում, որին մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից ձևավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։

Կարդացեք նաև

Հանդիպման օրակարգային հարցերն էին․

1. Արցախի Հանրապետություն բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը:

2. Արցախի Հանրապետության էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը:

3. Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը:

4. Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը»:

Ի դեպ, հանդիպման սկզբում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել էր զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելություններ ստանալու հեռանկարները, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել էր՝ հորդորելով քննարկումն իրականացնել հստակ առաջադրված հարցերով։

Սամվել Շահրամանյանն այդ ժամանակ ընդգծել էր, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ:

2023 թվականի մարտի 6-ին այդ ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել էր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ հաստատել էր այն, որ ադրբեջանական կողմը փորձել էր քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, ինչը Շահրամանյանը կանխել էր՝ ասելով՝ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: 

Այնուհետև Արայիկ Հարությունյանը շարունակել էր, որ դրանից հետո ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել էր իրենց՝ կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

«Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- հավելել էր նա:

Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը քաղաքական և փորձագիտական տարբեր շրջանակներ համարել էին չափազանց վտանգավոր, հիմնավորելով, թե դրանով Արցախի նախագահը կամա թե ակամա նպաստում է առնվազն մարդկանց խոսույթի մեջ այդ թեզերի գեներացմանը: Տարբեր փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, Արցախի ղեկավարությունն ավելի հստակ պետք է սահմանի՝ ինչ խնդիր է փորձում լուծել այս իմաստով:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Սամվել Շահրամանյանի՝ ադրբեջանական կողմի քաղաքական առաջարկին տեղի չտալուց հետո, մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքը թիրախավորել և կրակ էր բացել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել էր Ստեփանակերտից դեպի Լիսագոր ուղևորվող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել մարմնական վնասվածքներ:

Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1-1.5 կմ-ի վրա է: «Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3 կմ է, իսկ մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է:

Եվ այսօր գաղտնի քվեարկությամբ Արցախի Հանրապետության խորհրդարանը նույն Սամվել Շահրամանյանին ընտրեց շրջափակված, սովի մատնված, ցեղասպանության և էթնիկ զտման վտանգի առաջ կանգնած ԱՀ նախագահ: Այսինքն, այսօր, երբ Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու խնդիրն ավելի քան սուր է դրված, և ճակատագրի հեգնանքով ադրբեջանական ինտեգրացիայի պահանջն ու վտանգը դարձյալ Սամվել Շահրամանյանը պիտի կանխի, այս անգամ արդեն պետության ղեկավարի լիազորությունները ստանձնելուց հետո, ինչն ավելի մեծ պատասխանություն է ենթադրում, մանավանդ որ չարագուշակներն ու ձախողումներին սպասողները քիչ չեն թե Արցախում, թե Արցախի սահմաններից դուրս:

Իսկ ԱՀ ԱԺ հատուկ նիստում Սամվել Շահրամանյանը քվեարկությունից առաջ իր ծրագրային դրույթներից առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը:

Սամվել Շահրամանյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին:

«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:

Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ»,– ասել է արդեն Արցախի Հանրապետության նախագահը:

Այսինքն, նախագահ Սամվել Շահրամանյանին դժվարին քննություն է սպասվում, այդ թվում՝ ապացուցելու, որ Արցախի ապագայի և ճանապարհների բացման հետ կապված իր տեսլականը տարբերվում է, օրինակ, Սամվել Բաբայանի տեսլականից, նա հատկապես վերջին շրջանում պարբերաբար հայտարարում էր, թե կողմ է Աղդամի ճանապարհով, կամ ինչպես ինքն է ասում՝ Ասկերանի «բերանին» ադրբեջանցիների հետ առևտրին և Լաչինի ու Աղդամի ճանապարհի զուգահեռ բացմանը:

Չի բացառվում, որ Սամվել Բաբայանի պաշտպանած տեսլականին, Բաքու ուղարկած առաջարկներին դեմ չեն եղել նաև այլ գործիչներ: Ի վերջո, պատահական չէր, որ ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ինչպես վերևում արդեն հիշեցրեցինք, հրապարակավ հայտարարել էր. «Եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»: Գո՞ւցե հենց այս հայտարարությունից հետո է Սամվել Բաբայանը որոշել հանրայնացնել իր տեսակետը՝ ստուգելու հանրության տրամադրությունները Ադրբեջանին ինտեգրվելու առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930