Հնարավո՞ր է՝ սառը տեղ նստելու հետևանքով «մրսեցնել երիկամները»
Երիկամների հիվանդության ատիպիկ, հազվադեպ ախտանշանները ներառում են ախորժակի փոփոխություն, արյան ճնշման բարձրացում, սեռական օրգանների քոր և քրոնիկ հոգնածություն: Այս մասին Газета.Ru-ին ասել է բժիշկ, Gemotest լաբորատորիայի փորձագետ Նինա Զուբովան։
««Մրսեցնել երիկամները» արտահայտությունը կարող է թաքցնել մի շարք հիվանդություններ, որոնք առաջացնում են միզասեռական համակարգի օրգանների բորբոքում։ Ամենատարածվածներից են՝ ցիստիտ՝ միզապարկի բորբոքում, պիելոնեֆրիտ՝ երիկամների բորբոքում, գլոմերուլոնեֆրիտ՝ երիկամների գլոմերուլների բորբոքում։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր բուժումը, սակայն ախտանշանները հիմնականում նման են՝ ցավ որովայնի ստորին հատվածում և մեջքի ստորին հատվածում, հաճախակի միզելու ցանկություն, ցավոտ միզարձակում, դեմքի և ստորին վերջույթների այտուցվածություն, մեզի գույնի և հոտի փոփոխություն և ջերմաստիճանի բարձրացում»,- ասել է բժիշկը։
Բժշկի խոսքով, որպես կանոն, հազվադեպ ախտանշաններն առաջանում են ոչ թե ինքնուրույն, այլ երիկամների հիվանդության բնորոշ կլինիկական դրսևորումների հետ միասին։
«Որոշ դեպքերում մեջքի ստորին հատվածի ցավը կապված է ոչ թե երիկամների հետ, այլ մկանների ցրվածության և վնասվածքների, օստեոխոնդրոզի, միջողնային ճողվածքների և ողնաշարի հետ կապված այլ խնդիրների հետ: Բավականին հեշտ է տարբերակել հիվանդությունները՝ նման ցավն ուժեղանում է շարժման հետ։ Եթե մարդու մոտ որոշ ժամանակ պառկելուց կամ ցավազրկող ընդունելուց հետո ցավն անցնում է, ապա, ամենայն հավանականությամբ, խնդիրը երիկամներում չէ»,- նշել է նա։
Բժիշկը միաժամանակ հայտարարել է՝ հնարավոր չէ հիվանդանալ միայն սառը նստարանին նստելով կամ թրջվելով աշնանային ցուրտ անձրեւի տակ։ Մեխանիզմն այստեղ շատ ավելի բարդ է։
«Նման հիվանդություններ են զարգանում այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ունեն վարակի աղբյուր, և պարտադիր չէ, որ երիկամներում: Հիպոթերմիայի պատճառով իմունիտետը նվազում է, վիրուսներն ու բակտերիաները սկսում են ազատորեն շրջել ամբողջ մարմնով՝ հասնելով միզասեռական համակարգ»,- պարզաբանել է մասնագետը։
Երիկամները կարող եք մրսեցնել տարբեր հանգամանքներում՝ ցրտին երկար զբոսնելիս, սառը ջրում լողալիս, ոտքերի կամ գոտկատեղի շրջանում հիպոթերմիայի ժամանակ:
«Շատերը հավանաբար լսել են իրենց ծնողներից, որ աշնանը չի կարելի կարճ բաճկոններ և մինի կիսաշրջազգեստներ կրել, այլապես երիկամների բորբոքում կառաջանա։ Բայց իրականում սա միֆ է։ Եղանակին ոչ պատշաճ հագնվելն ինքնին չի կարող հանգեցնել հիվանդության, բայց դրա առաջացման համար կարող է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները»,- ըստ shantnews-ի՝ ընդգծել է Զուբովան։
Կան նաև հրահրող գործոններ, որոնք մեծացնում են երիկամների հիվանդության զարգացման վտանգը: Դրանց թվում են վատ սովորությունները՝ հատկապես ալկոհոլ օգտագործելը, անառողջ սննդակարգը, դեղերի անվերահսկելի օգտագործումը, քնի խանգարումները, հուզական սթրեսը, օրգանիզմում վիտամինների և հանքանյութերի պակասը։ Իհարկե, սեռական ճանապարհով փոխանցվող վարակները նույնպես նպաստում են։