«Ունենք հերթական բեմականացված դատավարությունը». Սիրանուշ Սահակյանը՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարության մասին

Բաքվում այսօր մեկնարկել է ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված ու գերեվարված Վագիֆ Խաչատրյանի գործով շինծու դատական նիստը: Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական կողմն առևանգել է դեռևս հուլիսին՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների «ձեռքից», երբ միջազգային մարդասիրական կազմակերպության միջնորդությամբ նա ՀՀ էր տեղափոխվում՝ սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու  նպատակով:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հաշվի առնելով Արցախյան առաջին ազատագրական պատերազմին Խաչատրյանի մասնակցությունը՝ նրան մեղադրել են «Խոջալուի ցեղասպանության» ու «հարկադիր տեղահանություն իրականացնելու» համար:

Ավելին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նաև հայտարարել էր, թե Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է եղել»,  ինչը, սակայն, հետագայում հերքվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությամբ:

Ընդ որում, ադրբեջանական կողմն արցախցի մեր հայրենակցին մեղսագրել է նաև այնպիսի հանցագործություններ, որոնք նա չէր կարող իրականացրած լինել, քանի որ նշված ժամանակահատվածում չի գտնվել ծառայության մեջ:

Կարդացեք նաև

Նրա իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ-ն ավելի ուշ դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ տեղյակ պահել Վագիֆ Խաչատրյանի ընդհանուր վիճակի և ընթացող քրեական վարույթի մասին։

Տեղեկացնենք նաև, որ նախաքննության ավարտից հետո, դատական շինծու գործի շրջանակներում, այսօր մեկնարկած դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 17-ը: Գործով անցնում է 59 «տուժող»: Նիստն անցկացվում էր Յասամալիի շրջանային դատարանում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանոի նախագահությամբ:

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը 168.am հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Վագիֆ Խաչատրյանին ուղղված մեղադրանքները պատվիրված են ադրբեջանական իշխանությունների կողմից: Նրա խոսքով՝ այդ երկրի ղեկավարությունը նպատակ ունի հիմնավորելու «Խոջալուի ցեղասպանություն» ադրբեջանական պնդումը:

Որպես հավելում, միջազգային իրավունքի մասնագետը հիշեցրեց, թե ինչպես էր տարիներ առաջ ադրբեջանական իշխանությունների կողմից դաժան հետապնդումների ենթարկվում, այսպես կոչված, «Խոջալուրի ցեղասպանությունը» հերքած իրենց իսկ քաղաքացին: Իսկ ապացույցներ չունենալու հանգամանքով պայմանավորված՝ որպես ապացույց՝ ներկայացվում էին «տեղի ունեցած դեպքերի վկաների ցուցմունքները»:

Այս համատեքստում, ըստ Սահակյանի, ադրբեջանական բանտում, Վագիֆ Խաչատրյանից բացի, կարող էր հայտնվել նրա տարիեկից ու Արցախում ծնված ցանկացած այլ մեր հայրենակից:

«Մենք այստեղ  ունենք հերթական բեմականացված դատավարությունը: Ըստ մեղադրանքի, մեղսագրվում է «ցեղասպանություն» և «հարկադիր արտաքսում», մի բան, ինչը վերջին շաբաթների ընթացքում մասսայաբար ու բացահայտորեն իրականացվեց հենց Ադրբեջանի կողմից: Այստեղ պետք է ընդգծել նրանց ցինիկ գործելակերպը. մի կողմից՝ Ադրբեջանը կատարում է հանցագործություններ ու անպատժելիություն է հայցում այդ արարքների համար, մյուս կողմից՝ սեփական հասարակությունում «բռնի տեղահանության» մեղադրանքով պատասխանատվության է կանչվում տարեց ու խոցելի հայը, որը, ի դեպ, առողջական նկատառումներից ելնելով՝ պետք է գտնվեր ՀՀ բժշկական հաստատությունում»,- ասաց Սահակյանը:

Այս պարագայում, միջազգային իրավունքի մասնագետի գնահատմամբ, Ադրբեջանում իրականացվող գործընթացների ընթացքում ապահովված չեն կենսական երաշխիքները՝ գործը քննող դատարանի անկախությունը: Սահակյանի գնահատմամբ՝ ադրբեջանական դատարաններն անկախություն չեն կարողանում ցուցաբերել անգամ սեփական քաղաքացիներին վերաբերող գործերում:

Այս առումով, նրա պնդմամբ, հատկապես անկախ չեն կարող լինել հայատյացության գաղափարախոսությամբ սնվող հասարակության ու պետական համակարգի առկայության պարագայում՝ հայի նկատմամբ՝ հաստատելով դիտարկումը, որ այս պրոդուկտը ստեղծվում է սեփական հասարակությունում սպառելու և իշխանություն պահելու նպատակով:

«Պաշտպանության իրավունքը միշտ ձևական է: Հասկանալի է, որ ադրբեջանական փաստաբանն այս պարագայում որևէ հարցում պաշտպանություն չի իրականացնում»,- ասաց Սահակյանը:

Ինչ վերաբերում է դատական նիստը նախագահող դատավորին՝ միջազգային իրավունքի մասնագետը վաղաժամ համարեց տեսակետ հնչեցնելը՝ տեղեկացնելով, որ, ինչպես նախկինում մեր մյուս ռազմագերիների գործերով, այնպես էլ այս գործի շրջանակներում ընթացող դատավարությունների առնչությամբ զեկուցումներ են պատրաստվելու: Այդուհանդերձ, Սահակյանը չբացառեց, որ «հետաքրքիր պրոֆիլավորում» է լինելու:

«Հետաքրքրական է, որ դատական պրոցեսով «զոհ» ճանաչված անձանց շրջանում  առկա են նաև Խոջալուի ռեգիոնում ղեկավար պաշտոններ զբաղեցնողներ: Թերևս, այս պահին, սպառնացող պատիժը կարող է լինել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Օրենսդրորեն մեղսագրվող արարքների համար բավականին խիստ պատիժ է նախատեսված: Վագիֆ Խաչատրյանի գործը ներկայացվել է միջպետական գանգատի շրջանակներում: Մենք՝ որպես իրավապաշտպաններ, դիտարկում ենք, վեր ենք հանում խնդիրներն ու ընթացող քաղաքական հետապնդումների առնչությամբ հրավիրում ենք միջազգային կառույցների ուշադրությունը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Անդրադառնալով փաստին, որ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր ԿԽՄԿ ներկայացուցիչների առաքելության իրականացման ժամանակ՝ Միջազգային իրավունքի մասնագետը հայտնեց, որ այս դեպքում առնչվում ենք մարդասիրական կազմակերպության գործունեությանը միջամտելու գործընթացի հետ: Սա, ըստ նրա, ո՛չ միայն դատապարտելի է, այլ անգամ որոշ դրսևորումներ որակվում են՝ որպես պատերազմական հանցագործություններ:

«Կարծում եմ, որ հենց այս կառույցը պետք է հետևողական լինի իր մանդատը փրկելու և հետագա հումանիտար առաքելություն կազմակերպելու նախադրյալներ ստեղծելու նպատակով: Մենք հայտարարել ենք, որ սա անթույլատրելի վարք է, և Կարմիր խաչը չէր կարող հանդես գալ՝ որպես հանձնող: Մինչդեռ, այս պարագայում, նախապես տեղեկանալով, թե հումանիտար կազմակերպությունն ում պետք է տեղափոխի, ադրբեջանական կողմը լռել է, օգտվել է հանգամանքից, որ կազմակերպությունն Արցախի իրավազորությունից տեղափոխել է Ադրբեջանի իրավազորություն, որտեղ էլ արդեն իրականացվել են հաշվեհարդար և կամայական գործողություններ»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այդ պայմաններում մարդասիրական կազմակերպությունը չէր կարող հակակշռել կամայական գործողություններ իրականացնող ուժերին:

Հարցին, թե արդյո՞ք ԿԽՄԿ-ն կարող է այդպիսի գործընթաց սկսել՝ Սահակյանն ասաց, որ կառույցը կարող է միայն բարձրաձայնել խնդրի մասին: Հարց է, թե դա կիրականացվի հրապարակայի՞ն, թե՞ ոչ: Այդուհանդերձ, համոզմունք հայտնեց, որ դա կարվի առանց հրապարակային հայտարարության՝ քաղաքական ենթատեքստ չտալու համար:

Իսկ ի՞նչ գործընթաց է իրականացվում հենց ադրբեջանական կողմի հանցագործությունները պատժելու ուղղությամբ: Սիրանուշ Սահակյանն ասաց, որ որպես այդպիսի կառույց՝ կարող է հանդես գալ՝ ինչպես ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը, այնպես էլ՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանը: Թե կոնկրետ ինչ քայլեր կիրականացվեն՝ Սահակյանը հստակեցնել չցանկացավ՝ հայտնելով, որ այս պարագայում գործ ունենք ռազմավարական որոշումների հետ, որոնց դեպքում շտապողականություն չի կարելի դրսևորել:

«Իսկ որոշ գործընթացների նախաձեռնող կարող է լինել միայն պետությունը, ուստի, ենթադրում եմ, որ սա պետք է մեկնաբանվի պետության ներկայացուցիչների կողմից: Իսկ քրեական գործընթացների առումով, իրավապաշտպան դաշտը ևս ունի անելիքներ: Այստեղ շատ կարևոր է հենց փաստահավաք առաքելությունը՝ մինչև որևէ իրավական գործընթաց իրականացնելը»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն ըստ էության լվացել են ձեռքերն Արցախից, Արցախի քաղաքական խնդրից՝ ՀՀ իշխանությունների ձեռնպահ մնալը որակելով «խիստ քաղաքական որոշում», ինչը խիստ մերժելի է, այդուհանդերձ, իրավապաշտպանի գնահատմամբ, ՀՀ իշխանությունների կողմից մարդու իրավունքների կամ այլ պայմանագրերի հիմքով միջազգային դատական ատյաններին դիմելը որևէ կերպ չի կարող բացառվել:

«Այսինքն, այն, որ քաղաքական հարցում, հատուկ գործողությունների ու ճնշումների ներքո, հարկադրվել է այդպիսի որոշում, ու նման հայտարարությամբ հանդես են եկել խիստ կախյալության մեջ գտնվող պաշտոնյաները, չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվել է մարդու իրավունքների տարբեր համաձայնագրերով իր իրավունքներից: Դրա մեջ, ի դեպ, ներառվում է նաև ՄԱԿ-ի Արդարադատության դատարան դիմելը՝ նույն խտրականության, խոշտանգումների, փախստականների ու բազմաթիվ այլ հարցերով»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հիմնավորելով, որ դա միջազգային հարթակներում ՀՀ իշխանությունների պասիվության պատճառ չպետք է դառնա:

Այդուհանդերձ, արձանագրեցինք, որ դեռևս նախորդ տարվա վերջերից Ադրբեջանն անտեսում է Բերձորի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ Հաագայի ու միջազգային մի շարք այլ դատական ատյանների  կայացրած վճիռներն ու  միջանկյալ որոշումները: Իսկ թե ինչ երաշխիքներ կան, որ այս հարցերով դատարաններ դիմելու դեպքում կարող ենք հասնել առաջադրված խնդիրների լուծմանը՝ Սահակյանն ասաց, որ չդիմելու դեպքում էլ ավելի լավ չի լինի: Այդուհանդերձ, արձանագրեց, որ քաղաքական զգայուն հարցերով՝ մի շարք դատարանների, այդ թվում՝ ՄԻԵԴ-ի կայացրած բազմաթիվ դատական ակտեր Ադրբեջանը ստիպված է եղել կատարել:

«Ոչինչ երաշխավորված չէ թե՛ կատարելու, թե՛ չկատարելու մասով: Չդիմելու պարագայում հավանականությունը մեծ է, որ ոչինչ չեն անի: Դիմելու և բարենպաստ դատական ակտերի պարագայում՝ մենք գոնե գիտենք, որ ունենք նախադրյալներ՝ հետագայում քաղաքական ավելի ինտենսիվ ճնշում բանեցնելու: ՄԱԿ-ի դատարանի մասով վճիռներ չեն կայացվել: Դրանք եղել են միջանկյալ որոշումներ, որի կատարողական մեխանիզմը նույնքան կատարելագործված չէ, որքան վերջնական դատական ակտերինն է: Ձգձգումը միշտ չէ, որ հավասար է չկատարման»,- ՝պարզաբանեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ դատական ակտերի Ադրբեջանի կողմից չկատարումը, ի վերջո, կապված է քաղաքական ռեսուրսի հետ: Իսկ որևէ ռեսուրս, ըստ Սահակյանի, անսպառ չէ:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս