Ինչպես կարելի է երեխային պաշտպանել ճարպակալումից
Գաստրոէնտերոլոգ և սննդաբան Մարիա Դյուժևան պատմել է մանկության շրջանում գիրության վտանգների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինի երեխայի սնունդը:
Դյուժևան նշել է, որ գիրության խնդիրը կապված է ինչպես սնվելու բնույթի փոփոխության՝ մեծ քանակությամբ վերամշակված, բարձր կալորիականությամբ սննդի առկայության, այնպես էլ ֆիզիկական անգործության հետ։ Ժամանակակից երեխաներն ավելի ու ավելի շատ ժամանակ են հատկացնում սովորելուն, իսկ իրենց ազատ ժամանակը ծախսում են գաջեթների վրա, նրանք ավելի քիչ են շարժվում։
«Գիրություն ունեցող դեռահասների մոտ մեծանում է ուղեկցող հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝ հասուն տարիքում սրտանոթային հիվանդությունները, լյարդի ճարպկալումը և այլն: Բացի այդ, նրանք ավելի հաճախ են տառապում ցածր ինքնագնահատականով, դեպրեսիաներով, անհանգստությամբ, խտրականությամբ և հասակակիցների հետ հարաբերությունների սրմամբ»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է գաստրոէնտերոլոգը:
Նրա խոսքով՝ դրանից խուսափելու համար կարևոր է, որ դեռահասության տարիքում սնուցումը լինի լիարժեք և ներառի բավարար քանակությամբ սպիտակուցներ՝ միս, թռչնամիս, ձուկ, կաթնամթերք։ Ճաշացանկը պետք է պարունակի նաև բանջարեղեն և մրգեր: Բացի այդ, կարևոր է կերակուրները չփոխարինել քաղցրավենիքով, այլ դրանք սննդակարգում ներառել հիմնական սննդից հետո: