Վրաստանը պարզապես ֆասիլիտատոր է, ու այսօրվա կարևորագույն հարցերն այնտեղ չեն կարող քննարկվել. վրացագետ
Այս տարվա հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումն անցկացվեց քառակողմ ձևաչափով: Հանդիպմանը ներկա չէր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը պայման էր առաջ քաշել, որ Եվրոպայում անցկացվող հանդիպմանը ներկա լինի նաև Թուրքիայի նախագահը, սակայն մերժում էր ստացել Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների կողմից: Դրանից հետո արդեն նա հայտարարել էր հանդիպմանը չմասնակցելու մասին:
Իսպանիայում կայացած հանդիպմանը ներկա չգտնվելուց հետո, այդուհանդերձ, Ալիևը նախօրեին այցելել էր Վրաստանի Հանրապետություն, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի վարչապետի հետ: Հանդիպման արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ Ալիևը ցանկություն էր հայտնել, որպեսզի Վրաստանի միջնորդությամբ «խաղաղության համաձայնագրի» ուղղությամբ համատեղ աշխատանք տարվի՝ երկկողմ ու եռակողմ ձևաչափերով:
Իրակլի Ղարիբաշվիլին էլ արձագանքել էր Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը՝ պատրաստակամություն հայտնելով ներգրավվելու գործընթացում:
Վրացագետ Ջոնի Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը, չկատարելով Բրյուսելյան հարթակում ստանձնած իր պարտավորությունները, այն է՝ արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովման կետերը, Արևմտյան անհարմար հարցերից խուսափելու համար փորձում է ճողոպրել ու իր համար ավելի հարմար միջավայր տեղափոխվել:
«Արդյունքը մենք տեսանք՝ ուժի կիրառում, հարյուր-հազարավոր փախստականներ, բռնի տեղահանված անձինք: Ոստի այսօր Բաքվին ուղղված հարցերն ու ճնշումը՝ Բրյուսելից ու այլ մայրաքաղաքներից՝ Բեռլինից, Փարիզից… շատ են: Դրա համար էլ Ալիևը հիմա իր կողմից նախկինում արդեն կիրառված փորձն է բանեցնում. երբ մի հարթակում խնդիրներ էին առաջանում, ինքը քննարկումները տեղափոխում էր այլ հարթակ: Այնտեղ, որտեղ նա կարող է, օգտագործելով իր մաքսիմալիզմը, ստանալ առավելագույնը, մինչև այնտեղ էլ խնդիրներ կառաջանային»,- ասաց փորձագետը:
Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ Վրաստանում հնարավոր հանդիպումների ֆորմատից, այդուհանդերձ, հայկական կողմը չպետք է հրաժարվի:
Իսկ քննարկվող հարցերի շրջանակը, ըստ վրացագետի, պետք է լինի միայն սպեցիֆիկ հարցերի շուրջ: Այնպիսի հարցերի, որոնք երկկողմանի հանդիպման ժամանակ կարող են քննարկվել ու արագ լուծում ստանալ Վրաստանում:
«Հիշում ենք, որ նախկինում Թբիլիսիում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում արդեն իսկ տեղի ունեցել էր: Խոսքն այդպիսի հանդիպումների մասին է: Վրաստանը եղել է ու կլինի ֆասիլիտատոր (կողմ, որի գործողություններն ուղղված են թեթևացնելու, օգնելու թիմին տարբեր խնդիրների հարցում լուծումներ գտնելու համար, սակայն ուղղված չեն թիմային նախագծի բուն բովանդակությանը կամ ղեկավարմանը.- Ն.Ս.): Սա այն հարթակն է, որտեղ կարելի է գնալ, նստել ու ինչ-որ հարց քննարկել: Բայց դա չպետք է լինի ինքնանպատակ»,- ասաց նա՝ այդուհանդերձ, արձանագրելով, որ այսօրվա ամենաակտուալ հարցերն այդպիսի հարթակներում լուծվող չեն:
Ըստ փորձագետի, վրացական կողմը թեև հասկանում է այդ առումով իր հնարավորությունների սահմանափակությունը, փորձում է որոշակի նախաձեռնողականություն ցուցաբերել ու դուրս չմնալ տարածաշրջանային գործընթացներից:
Այս համատեքստում, ըստ մեր զրուցակցի, Հայաստանը նույնպես պետք է ճիշտ գնահատի առկա իրավիճակի բարդությունն ու փորձի համարժեք քայլեր իրականացնել՝ իրավիճակից հնարավորինս շահող դուրս գալու համար:
«Ավելի լայն օրակարգը՝ դա լինի դելիմիտացիա, ենթակառուցվածքների ապաշրջափակում և այլն… իմ կարծիքով, երկկողմանիի կամ եռակողմի գործ չէ: Այստեղ շատ կարևոր է ներգրավվածությունն այն երկրների, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են նաև ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ: Բայց մենք տեսնում ենք, որ Բաքուն այսօր արդեն իր համար Արցախի հարցը լուծված համարելով, փորձելու է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության առումով ինչ-որ հարցեր լուծել: Ուստի դրա համար մենք պետք է շարունակենք աշխատել արդեն իսկ առկա Մոսկովյան ու Բրյուսելյան հարթակներում, ըստ հնարավորության՝ առաջ քաշելով մեր շահերը»,- համոզմունք հայտնեց նա:
Նազելի Ստեփանյան