Քանի որ Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ինչպես երկիր ղեկավարել, առավել խանգարում է մեր շահերին, քան օգնում. Հարութ Սասունյան
«Ի՞նչ իմաստ ունի նոր բանակցություն ունենալ, նոր համաձայնագրեր ստորագրել, եթե Ալիևն արդեն փաստել է, որ 2020թ. համաձայնագիրն ինքն արդեն չի հարգում: Եթե չի հարգում դա, չի հարգելու որևէ այլ համաձայնագիր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ամերիկահայ գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով Գրանադայում կայացած քառակողմ հանդիպմանն ու այդ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Գրանադայում ընդունվել էր հայտարարություն, որում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն։ Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը և աջակցություն են հայտնում «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա»։
Հարութ Սասունյանը շեշտեց՝ դեմ չէ, որ Արցախի հարցը, Հայաստանի խնդիրները ներկայացվեն միջազգային տարբեր կառույցներում, սակայն վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է դա անել՝ առանց վնասելու մեր պետությանը:
«Քանի որ Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ինչպես երկիր ղեկավարել, առավել խանգարում է մեր շահերին, քան օգնում,- հավելեց նա՝ ապա հիշեցրեց բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա,- Օրինակ, 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները ստորագրեցին փաստաթուղթ, որտեղ նշվում էր նաև, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է գերիներին փոխանակեն բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքով:
Երեք տարի է անցել, հայ գերիները դեռ չարչարվում են Բաքվի բանտերում: Ոչ մի հույս չկա, որ որևէ մոտ ժամանակ այդ գերիները կարող են տուն վերադառնալ՝ հակառակ նրա, որ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե «այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են ՀՀ անկախության և ինքնիշխանության համար, նրանք մեզ կներեն մեկ, երկու ամիս ավելի բանտերում մնալու համար»:
2023 թ. հոկտեմբերն է՝ երկու տարուց ավելի է անցել, և ոչ միայն գերիներին ազատելու հարցում ոչ մի ճիգ չի թափվում, այլև նույնիսկ այդ մասին չեն խոսում, իսկ այդ մարդիկ տառապում են Ադրբեջանի բանտերում: Մենք նույնիսկ նրանց թիվը հստակ չգիտենք ու չգիտենք, թե նրանցից քանիսն են արդեն սպանվել այդ բանտերում:
Մյուսը՝ երկու տարի է՝ Ադրբեջանի զորքերը մտել են ՀՀ սահմաններից ներս. ՀՀ-ն թշնամու զորքերը հեռացնելու ոչ մի փորձ չի անում, դարձյալ այդ մասին չի խոսում»:
Առհասարակ, ըստ սփյուռքահայ գործչի, Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարեր, որ չի մասնակցի Ալիևի հետ հանդիպումների, քանի դեռ ազատ չեն արձակվել գերիները և թշնամու զինված ուժերը դուրս չեն եկել ՀՀ ինքնիշխան տարածքից:
«Եթե այդ երկու նախապայմանները չդնի, մեր զրկանքները, զոհողությունները շարունակվելու են»,- շեշտեց նա:
Գրանադայի հայտարարության խոցելի կետերի մասին իր դիտարկումներին Հարութ Սասունյանն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Փաշինյանի պատրաստակամության և այսպես կոչված անկլավների խնդրի ողջ լրջությունը չընկալելու նրա փորձերի վրա:
«Նիկոլ Փաշինյանը տարբեր հանդիպումներում այնքան խճճված ու հակասական բաներ է ասում, որ ոչ մեկը չի հասկանում, թե նա ինչ է մտածում, ինչ է ուզում անել: «Անկլավների» մասին վերջին ամիսներին նա տարբեր առիթներով խոսեց և շատ արտառոց բաներ ասաց. ասաց, որ եթե այդ անկլավների պատճառով մեր ճանապարհները խանգարվեն, կարող ենք նոր ճանապարհներ սարքել:
Այսինքն՝ անկլավների հարցը, որը չափազանց լուրջ հարց է և ուղիղ առնչվում է Հայաստանի հողային ամբողջականությանը, նա վերածում է ընդամենը ճանապարհների անցանելիության հարցի:
Փաշինյանի ելույթներից հստակ է, որ ինքն արդեն որոշել է, որ դրանք տալու է Ադրբեջանին՝ այդպիսով վտանգելով ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Նա ասում է, թե ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, իսկ մինչ օրս Ալիևը փոխադարձաբար չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը,- ասաց նա՝ նկատելով, որ Փաշինյանն ամեն բան անում է միակողմանիորեն,- Այս բոլոր հարցերը և սրանց հիմքն այն է, որ ունենք ղեկավար, որ չի հասկանում իր արածը, կարող չէ երկիր ղեկավարելու, և կարող չէ պաշտոնյաներ նշանակելու, որ մասնագետ են իրենց գործում: Դա տեսնում ենք ամեն տեղ՝ նաև թե՛ նախարարների, թե՛ դեսպանների մակարդակով: Եվ այսպիսով մենք անդադար կորցնում ենք մեր ազգային շահերը»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր, թե չկա այնպիսի «անկլավ», որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։
«Եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, սենց կանցնի»,- շեշտել էր նա։