ԵԽ պատգամավորը Եվրամիության գործողությունների փոփոխություն է ակնկալում ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի կարծիքով՝ ԵՄ-ն ձախողել է միջնորդ լինելու իր քաղաքականությունը, եւ, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում, պետք է գործի առանց հապաղելու։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցերին պատասխանելով՝ եվրախորհրդարանի պատգամավորը ցավով նշել է, որ ԵՄ-ում տարակարծությունն իրականություն է եւ վախ է հայտնել, որ միակարծություն չի լինի Ադրբեջանին պատժելու հարցում։ Լուազոն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը փրկելուն եւ նշել, որ բազմիցս այդ հարցով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենին եւ հիմա ավելի հստակ քայլեր է ձեռնարկելու։
Ադրբեջանն ամենուր խոստանում է, որ ազատ կարձակի բոլոր ցանկացողներին, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված համաներում է անելու, բայց վերջին օրերին մենք ականատես ենք շինծու մեղադրանքներով ձերբակալությունների ալիքին և չգիտենք, թե ինչ կլինի ձերբակալվածների հետ: Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ն ի՞նչ կարող է անել այս տեսակ հակամարդկային հանցագործության դեմ պայքարելու համար՝ հաշվի առնելով, որ ոչ պաշտոնական տվյալներով Ադրբեջանը ցուցակագրել է և ձերբակալելու է բոլոր նրանց, ովքեր նպաստել են Լեռնային Ղարաբաղի զարգացմանը։
Եվրամիությունը պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի բնակիչների լիակատար ազատ տեղաշարժը՝ նրանց, ովքեր ցանկանում են լքել տարածքը, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են մնալ այնտեղ կամ վերադառնալ։ Եվրամիությունը պետք է նաեւ պահանջի հարգել նրանց անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը։ Այս իրավունքների հարգումն ապահովելու համար անհրաժեշտ է հուսալի միջազգային ներկայություն:
Թվում է՝ Հայաստանի Հանրապետության սահմանները կարմիր գիծ են բոլոր պետությունների համար։ Սակայն Ադրբեջանը 2022 թվականից ներխուժել է Հայաստան և չի նահանջում, ավելին՝ շարունակում է սպառնալ։ Միջազգային հանրությունն այս դեպքում էլ է լռում։ Ի՞նչ կոնկրետ միջոցներ կձեռնարկի ԵՄ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության դեպքում։
Ցանկալի է, որ ԵՄ դիտորդական առաքելության անդամների թիվը եւ մանդատն ընդլայնվեն, իսկ տեւողությունը երկարաձգվի և դիտորդների զեկույցները հրապարակվեն։ Հրատապ է նաև ավարտել սահմանի սահմանազատման աշխատանքները և ապահովել երկու երկրներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքը։
Ըստ Ձեզ՝ ԵՄ-ն ձախողե՞լ է իր քաղաքականությունը և արցախահայության էթնիկ զտումների մասնակիցը դարձե՞լ։ Հնարավո՞ր է արդյոք, որ ԵՄ-ն վերանայի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Ինչո՞վ եք բացատրում ԵՄ-ի համառությունը՝ Ադրբեջանին անպատիժ թողնելու և պատժամիջոցներ չկիրառելու հարցում։ Այլ կերպ ասած՝ էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որ վերջապես պատժվի։
Էթնիկ զտումների ականատես լինելն անպայման չի նշանակում մեղսակից լինել դրան, բայց դա նշան է, որ Եվրամիության միջնորդական ջանքերը ձախողվել են: Եվրամիության վերաբերմունքն այլևս չի կարող նույնը մնալ այս օրերին կատարվածի համատեքստում։ Միջնորդ լինելը չի ենթադրում ուժի կիրառման դիմաց պասիվ մնալ։ Ես դառնությամբ եմ նշում, որ ԵՄ-ն վերաբերմունք որդեգրելու հարցում վաղուց տարակարծիք է։ Պատժամիջոցներ կիրառելու համար անհրաժեշտ է անդամ պետությունների միակարծությունը։ Վախենամ՝ այն ձեռք չի բերվի։
Արցախյան հիմնախնդրի հումանիտար ճգնաժամի հետ մեկտեղ առկա է նաև մշակութային ահռելի ժառանգությունը կորցնելու վտանգը։ Արդյո՞ք արևմտյան քաղաքակրթությունը թույլ կտա՞ այս համամարդկային արժեքների ոչնչացումը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն չկարողացավ կատարել իր առջեւ դրված խնդիրը։ Ես մի քանի անգամ ահազանգել եմ կառույցի գլխավոր տնօրենին և կրկնելու եմ իմ վճռական կոչը՝ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու վերաբերյալ։ Նախիջեւանի նախադեպը պետք է մեզ նախաձեռնող դարձնի եւ ստիպի չսպասել այնքան, որ արդեն ուշ լինի։