«Թիրախավորվում է Հայաստանի տնտեսական անվտանգության հենասյուներից երկուսը՝ ատոմակայանն ու հանքարդյունաբերությունը». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատկանշական է, որ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված ԱԷԿ-ի կոնսերվացման առաջարկը համընկավ մի շարք էկոլոգիական կազմակերպությունների՝ ՎԶԷԲ-ին ուղղված կոչի հետ:

Վերջինիս համաձայն՝ 9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ դիմել են ՎԶԵԲ-ին՝ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը վերանայելու պահանջով:

Պահանջողների ցանկում ադրբեջանցիների հետ մեկտեղ ներկայացված են նաև որոշ «հայկական» ՀԿ-ներ՝ «Էկոլուր», «Բնապահպանական ճակատ» և այլն:

Ի՞նչ է սա, եթե ոչ կոլաբորացիոնիզմ: Պետականության մնացած բեկորների նպատակային խարխլում:

Իրականում արևմտյան էլիտաների կողմից, որոնք տարածաշրջանում գործում են Թուրքիայի միջոցով, հստակ սահմանված է Հայաստանի դեինդուստրիալիզացիայի ծրագիրը: Դրանով է օր ու գիշեր զբաղված էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացնող ու փոքր հզորության մոդուլային ատոմակայան առաջարկող USAID-ին: Դրա նպատակով է Վաշինգտոնը Հայաստանին առաջարկում տարեկան 650 մլն դոլար՝ ոչ թե էներգետիկ համալիրը զարգացնելու, այլ բացառապես Վրաստանի հետ էլեկտրաէներգետիկ համակարգերը սինխրոնիզացնելու, Հայաստանը ներկրող երկիր դարձնելու հեռանկարով:

Թիրախավորվում է Հայաստանի տնտեսության, տնտեսական անվտանգության հենասյուներից երկուսը՝ ատոմակայանն ու հանքարդյունաբերությունը: Երկուսն էլ՝ էկոլոգիական, իսկ ավելի շուտ՝ քվազի-էկոլոգիական խոսույթի ներքո: Ու այս առումով Բաքվի հետ նույն պահանջներն ունեցող հայաստանյան ՀԿ-ներն ու ՄԱԳԱՏԷ-ին ԱԷԿ-ի կոնսերվացման պահանջով դիմող Անկարան հանդես են գալիս նույն դիրքերից, գտնվում են արժեքների ու նպատակների նույն կոորդինատային համակարգում:

Նպատակը պարզ է՝ վերացնելով արդյունաբերական համակարգը՝ դարձնել Հայաստանը սպառողական պետություն, առևտրային խաբ:

Տարածք: Չոլ:

Կարծես թե, ժողովուրդը դեմ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս