«Եկեղեցու զանգերն արդեն մի քանի տարի է՝ հնչում են. պետք է հաշվի նստել եկեղեցու և նրա պետի հետ». Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ Եպիսկոպոս Սարոյան

Այսօր Մասիս քաղաքի քաղաքային գերեզմանոցում վերջին հրաժեշտը տվեցին Արցախի Հանրապետության Սառնաղբյուր գյուղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սպանված երկու եղբայրներին՝ 8-ամյա Նվեր և 10-ամյա Միքայել Պողոսյաններին։ Սառնաղբյուր գյուղում, բացի երկու եղբայրներից, ադրբեջանցիները սպանել են ևս երեք երեխայի։

Երկու եղբայրների հուղարկավորությանը մասնակցում էր նաև Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր ԳԵՎՈՐԳ եպիսկոպոս ՍԱՐՈՅԱՆԸ։

Արդեն Մասիս քաղաքի Սուրբ Թադևոս եկեղեցու բակում սրբազանին խնդրեցինք իր կարծիքն ասել ստեղծված ընդհանուր իրավիճակի վերաբերյալ և հայ ազգի անելիքների մասին խոսել՝ կապված թե՛ հայրենիքի, թե՛ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին օգնելու համար։

Սրբազանի խոսքով՝ Արցախում Ադրբեջանի ձեռքով տեղի է ունենում էթնիկ զտում, ինչը ենթադրում է, որ կոնկրետ էթնիկ միավորում իր բնակության վայրից բռնի տեղահանվում է։

Կարդացեք նաև

«Էթնիկ զտումը ներառում է նաև պատերազմական այլ հանցագործություններ՝ սպանություններ, խոշտանգումներ, բռնություն քաղաքացիական կառույցների ոչնչացում, ավերում։ Այսօր տեսանք Արցախում սպանված երկու մանուկների հուղարկավորությանը, մենք դեռևս տեղեկություններ չունենք անհետ կորածների վերաբերյալ։ Մամուլից տեղեկանում ենք տարբեր տեսակի բռնությունների դրսևորման մասին՝ ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից, սա պատերազմական հանցագործություն է։ Էթնիկ զտումը ենթադրում է նաև ցեղասպանություն»,- նշեց Գերաշնորհ Տեր Գևորգ Եպիսկոպոս Սարոյանը։

Հարցին՝ այսքան աղետից հետո ինչպե՞ս կարող է ազգն ինչ-որ դրական կետ գտնել ու շարունակել ապրել, սրբազանը պատասխանեց՝ այդ դրական կետը հավատն է, եկեղեցին, որը պետք է բոլորին համախմբի։

«Վերջին շրջանում շատ է խոսվում եկեղեցու համախմբող առաքելության մասին, շատերն են այդ ամենը բարձրաձայնում։ Կարծում եմ՝ վերջին շրջանում ժողովուրդը շատ է համախմբվել եկեղեցու շուրջ։ Դրա լավագույն ապացույցը, կարելի է ասել, վիճակագրական տվյալներն են, որ մի քանի ամիս առաջ էլ հրապարակվեցին՝ եկեղեցու հեղինակությունը հասարակության մեջ ամենաբարձրն է։ Սա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք աշխատել, մենք պիտի ավելին անենք, ու արվում է, մենք փորձում ենք անել առավելագույնը։

Եթե պատմականորեն հետ ենք նայում, դժվարությունների ու փորձությունների միջով շատ ենք անցել։ Այնպես չէ, որ հաղթանակներ չենք ունեցել, ունեցել ենք, երբ միասին ենք եղել, միաբան ենք եղել, ազգային շահն է մեզ միախմբել, սրա լավագույն ապացույցն Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակն է, որովհետև միասիրտ էինք, ունեինք մեկ նպատակ, ոչ թե անձնական ամբիցիաներ, թե ով է ավելի ուժեղ՝ այդ կռիվը չէր գնում, կռիվը գնում էր հայրենիքի ու արցախահայության համար»,- հավելեց սրբազանը։

Հաջորդ հարցին՝ Արցախի հանձնմամբ Արցախի էջը փակվա՞ծ է, Գերաշնորհ Տեր Գևորգ Եպիսկոպոս Սարոյանը պատասխանեց՝ մեծագույն մեղք կլինի, եթե այդպես համարեն։

«Ինչպե՞ս կարող ենք Արցախի էջը փակել, այսօր պատարագի ժամանակ Հայաստան և Արցախ աշխարհները հիշտակում ենք, քահանան ինձ հարց տվեց՝ պիտի շարունակենք, չէ՞ այդպես, պատասխանեցի, որ անպայման։ Հանձնվելն ու հուսահատվելը դա մեծագույն մեղք է։ Մենք պիտի հասկանանք, թե պատասխանատու մարդիկ, հատկապես մեր առաջնորդները որտեղ են ձախողել, ու պիտի շտկենք այս իրավիճակը, ես դրան եմ հավատում։ Եկեղեցին այնպես է կրթել ու դաստիարակել հային, որ նա երբեք չպետք է իր իրավունքներից հրաժարվի, նույնն էլ այսօր է՝ մենք մեր իրավունքներից չպետք է հրաժարվենք, պիտի պայքարենք։ Պետությունը պետք է պայքարի, որպեսզի արդարությունը վերականգնվի»,- շեշտեց սրբազանը։

Գերաշնորհ Տեր Գևորգ Եպիսկոպոս Սարոյանը նաև անդրադարձավ հասարակության մեջ տարածված այն խոսակցություններին, թե ստեղծված իրավիճակում Հայ Առաքելական եկեղեցին իր զանգերը ե՞րբ է հնչեցնելու։

«Կարծում եմ՝ եկեղեցու զանգերն արդեն մի քանի տարի է՝ հնչում են։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն արդեն տևական ժամանակ է՝ իր կոչերով, հայտարարություններով փորձում է հասարակությանն արթնացնել, բոլորին արթնացնել։ Այդ կոչերն ուղղված են համայն հայությանը, այդ թվում՝ քաղաքական կուսակցություններին, իշխող կուսակցությանը, բոլորին։ Եթե այդ ամենը լուրջ ենք ընդունում, ուրեմն՝ պիտի եզրակացություններ անենք։

Երբ հարցը վերաբերում է մեր ազգային անվտանգությանն ու ինքնության հիմնախարիսխներին, եկեղեցին միանշանակ իր դիրքորոշումն արտահայտում է։

Հայ եկեղեցին ոչ մեկին հաշիվ չունի տալու, իր դիրքորոշումը միանգամից արտահայտում է, և երբևէ չպետք է ակնկալենք, որ եկեղեցու գործողություններն ու հայացքները պետք է համընկնի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության որևէ թևի հետ։ Հայ եկեղեցին գիտի, թե որ քայլը երբ է անում, և չի էլ քննադատում այլ հայացքներ ունեցողներին։ Պետք է հաշվի նստել Հայ եկեղեցու և Հայ եկեղեցու պետի հետ»,- եզրափակեց սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս