Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանմանը, որին նախորդել են Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված լայնածավալ հարձակումը, իսկ մինչ այդ՝ 9-ամսյա շրջափակումը։
ԵՄ պատվիրակությունը շեշտել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու կարևորությունը։
«Հրատապ է շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում արտակարգ օգնության տրամադրմանը», – գրված է հայտարարությունում:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է Եվրահանձնաժողովի կողմից հումանիտար օգնության 5 միլիոն եվրոյի լրացուցիչ փաթեթի մասին, որը պետք է օգնի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց և նրանց, ովքեր «Ղարաբաղի ներսում կհայտնվեն խոցելի իրավիճակում»։
«ԵՄ-ն և անդամ երկրները պատրաստ են տրամադրել լրացուցիչ հումանիտար օգնություն», – հավելել են ԵՄ պատվիրակությունում։
Հայտարարությունում շեշտվում է ՄԱԿ-ի առաքելության կողմից տեղում իրավիճակի գնահատման կարևորությունը։
«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ առաջիկա օրերի ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք», – նշվում է հայտարարությունում:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հավելում է, որ Եվրոպական Միությունը հաշվի է առնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկը և կշարունակի ուշադրությամբ հետևել տեղում զարգացումներին։